Open news feed Close news feed
A A
Video Interview

«Երեխան խեղդված ծնվեց»․ ինչու է ասֆիքսիան մնում մահացության հիմնական պատճառ (video)

Բուժումից առավել կարեւորվում է պացիենտի անվտանգության խնդիրը, որը հնարավոր է ապահովել միայն բարձրորակ բուժանձնակազմով եւ բարձրորակ տեխնիկայով։ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանն անդրադառնում է մարզային որոշ ծննդատների հնարավոր փակմանը՝ պնդելով, որ եթե լիցենզիայի պահանջները չեն բավարարվում, ապա անկախ բուժհաստատության տեսակից, այն չպետք է շարունակի իր գործունեությունը։
Ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար պետք է տարեկան առնվազն 150 ծնունդ ապահովել։ Փակման եզրին հայտնված բուժհիմնարկներում ծնունդների թիվը պակաս է եղել։ Բայց Հրանտ Կալենտերյանը շեշտում է, որ միայն ծնունդների թիվը չէ, որ որոշում է հաստատության ճակատագիրը։
Անդրադառնալով նորածնային մահացության դեպքերին՝ Հրանտ Կալենտերյանն ասում է․ «Շատ-շատ ամոթ է, որ մահացածության հիմնական պատճառներից մեկը ասֆիքսիան է՝ շնչահեղձությունը»։
«Երեխան խեղդված ծնվեց»,- խնդրի ժողովրդական ավելի հայտնի արտահայտությունն է ներկայացնում բժիշկը՝ վստահեցնելով, որ լինում են դեպքեր, երբ անհնար է փրկել, բայց 70 տոկոս դեպքերում նախածննդյան արագ արձագանքը կարող է կյանքեր փրկել, ինչը, սակայն, տեխնիկապես թույլ զինված բուժհաստատություններում հիմնականում անհնար է։


Ապօրինի որդեգրումների հետ կապված պատմությունից հետո շատ մայրեր հայտարարեցին, որ իրենք կասկածներ ունեն զավակների վաճառքի վերաբերյալ, քանի որ նորածինների դիակները ցույց չեն տվել, երբ ասվել է՝ մահացած են ծնվել։
Հրանտ Կալենտերյանն ասում է, որ նախկինում չեն մտածել ցույց տալու մասին՝ ծնողին լրացուցիչ ցավ չպատճառելու տրամաբանությամբ։ Բայց վերջին դեպքերից հետո քննարկում են՝ հաշվի առնելով նաեւ՝ նման դեպքերում ինչքան անպաշտպան կարող է լինել բժիշկը։


Մանրամասները՝ տեսանյութում