Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու հաճախականությունների մրցույթ չի անցկացվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
148a3bb216cb3e951f467a1bd49601c8

2015թ. հուլիսի 2-րդ եռամսյակին արդեն ՀՀ-ում ամբողջությամբ պետք է լինի թվային հեռարձակում։ Այս գործընթացն է պատճառներից մեկը, որ երկար ժամանակ հեռուստահաճախականությունների մրցույթ չեն անցկացվում։ Վերջին անգամ ՀՌԱՀ-ը մրցույթ անցկացրել է 2010թ.: «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանի կարծիքով` հակակշռող մեխանիզմներից մեկը մրցակցային պայմանների տրամադրումն էր, ինչը գոյություն չի ունեցել: Արդյունքում, ըստ նրա, այժմ ունենք ու թվայնացումից հետո էլ կունենանք 18 հեռուստաընկերություն, որոնք հաղթել են ոչ թե բազմակարծություն ապահովող չափանիշներով, այլեւ ֆինանսական ծանրակշիռ փաթեթով. «Մինչեւ հիմա որեւէ ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու է սահմանվել գործող լրատվամիջոցների թիվը միայն 18, գոնե մենք գիտենք, որ դա չի բխում հաճախությունների սղության դոկտրինից, քանի որ այն վերանում է թվային տեխնոլոգիաների ի հայտ գալով»: Առավել բարդ իրավիճակում են հայտնվել մարզային հեռուստաընկերությունները: Նրանք գործում են անալոգային հեռուստահաճախականությամբ, իսկ երկարաձգված լիցենզիաների ժամկետը դարձյալ լրանում է 2015թ. ամռանը: Միայն Լոռու մարզում ներկայումս անալոգային հեռարձակմամբ գործում 5 հեռուստաընկերություն, որոնք ՀՌԱՀ մրցույթում լիցենզիա չեն ստացել։ Նրանց ճակատագիրը թվային հեռարձակման անցնելուց հետո անհայտ է մնում։ «Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը չի կարծում, որ մեր պետությունը եւ մարդիկ, որոնք կոնկրետ կանոնակարգում են այս ոլորտի խնդիրները, հենց այնպես կասեն` վեր կացեք, փակեք ձեր դռները, ամեն ինչ դեն նետեք, դուք մեզ պետք չեք. «Գուցե իրենց պետք չենք, բայց ազգաբնակչությունն ունի մեր կարիքը»: Հիշեցնենք, որ 2010թ. կայացած հեռուստահաճախականությունների մրցույթներում յուրաքանչյուր մարզից միայն մեկ հեռուստաընկերություն է լիցենզիա ստացել: Թվային հեռարձակման անցնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման եւ տեղադրման համար այս տարվա հունվարին պայմանագիր է կնքվել շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ։ Թեեւ թվայնացման գործընթացի համար «Էրիքսոն»-ի հետ կնքված պայմանագրով 10,6 մլն դոլար է ներդրվելու, սակայն մինչ օրս որեւէ կոնկրետ քայլ չի կատարվել, որը կհամոզի հեռուստաընկերություններին, թե սահմանված ժամկետներում գործընթացը ավարտին կհասցվի։