Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I7766
A A
Պաշտոնական

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով, լայն իրավապայմանագրային դաշտի ստեղծմամբ, երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ակտիվ երկխոսությամբ: Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: Կիպրոսում

դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

 

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: Նշված գումարին ավելանում է նաև նոտարական ծառայությունների վճարը՝ շենքի արժեքի շուրջ 1.1%-ը (շուրջ 253 հազ. եվրո): Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, կառավարության փետրվարի 15-ի որոշմամբ հատկացված գումարով փոխանցել է կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով (2.3 միլիոն եվրո)։ Գնման վերջնական պայմանագիրը նախատեսված է ստորագրել ս.թ. մայիսի 22-ին, որից 3 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի մնացած մասի՝ 20,947,470 եվրոյին համարժեք դրամի տրամադրում: Վերոնշյալ գումարը ներառում է գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծառայությունների վճարը՝ շենքի արժեքի շուրջ 1.1%-ը։