Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոստիկանություն
A A
Հասարակություն

Որևէ արտառոց իրավիճակ չկա․ Ոստիկանության հայտարարությունը՝ «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին

Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Հայտնում է ոստիկանությունը։

Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից։

Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները։