Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I8038
A A
Պաշտոնական

Կապահովվի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայության տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված: Որոշման նպատակը մատուցված/մատուցվելիք բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է և շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելն է, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման ոչ ենթակա ծրագրերի, միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման անընդհատության ապահովումը։ Արդյունքում ակնկալվում է

բնակչությանն ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններով՝ պահպանելով ներդրված պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցման տրամաբանությունը։

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որոշմամբ առաջարկվում է 3 մլրդ դրամի վերաբաշխում իրականացնել և ավելացնել առողջապահական ծառայությունների ծավալների ֆինանսավորումը: Ծրագրերը հետևյալն են՝ «Շտապ օգնության ծառայություններ» ՝ 400 մլն դրամ, «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ»՝ 500 մլն դրամ, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ»՝ 300 մլն դրամ, «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն»՝ 1 մլրդ 500 մլն դրամ, «Փոխպատվաստման ծառայություններ»՝ 200 մլն դրամ, «Ինֆեկցիոն հիվանդություններ»՝ 100 մլն դրամ:

«Այս ավելացումներով մենք շարունակում ենք հանձնառությունը տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակաչությանը: Մի քանի տվյալներ ներկայացնեմ, թե ինչպես են աճել թե՛ սպասարկման դեպքերի, թե՛ ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին: 2018 թ. ավելացող միայն երկու ծրագրերի մասով սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց և դժվարամատչելի հետազոտությունների մասով, մենք 28 հազար 973 դեպքի փոխարեն, 2023 թ.-ին սպասարկել ենք 46 հազար 401 դեպք, 2024 թ.-ին՝ 84 հազար 374 դեպք: 2018-ից 2024 թ. համեմատականը 55 հազար դեպքով ավելի է կազմում: Սրանք միայն առաջին եռամսյակի տվյալներ են: Ավելացման միտումը երկրորդ եռամսյակի՝ մի փոքր ավելի է լինելու: Վեց ամիսների տվյալները ևս շուտով կհրապարակենք: Ընդհանուր առմամբ, առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թ. առաջին եռամսյակի մասով կազմել է ընդամենը 14 մլրդ դրամ, 2023 թ.՝ 24,7 մլրդ դրամ, 2024 թ.՝ 30 մլրդ դրամ», -ասել է նախարարը:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ այս ավելացումները կապված են մի շարք հանգամանքների հետ. «Առաջին հերթին՝ մեր ենթակառուցվածքների և ընդհանուր առմամբ ծառայությունների ցանկի ավելացումն է բերում դեպքերի ավելացման: Երկրորդ՝ դրանք ֆիզիկապես ավելի մատչելի են դառնում նաև մարզային բժշկական օգնություն տրամադրող կենտրոններին, ինչը բերում է նաև փաստացի դեպքերի և դրանցից օգտվելու դիմելիության աճին: Այս ավելացումները կապված են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերի և եղբայրների բժշկական օգնության հավելյալ ծավալներն ապահովմամբ: Շարունակելով մեր քաղաքականությունը՝ ի վերջո ներդնելու ենք առողջապահության ապահովագրություն, բայց չսպասելով դրան, տարեցտարի ավելացնում ենք հասանելիությունը մեր բնակչության համար»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ավելացած դեպքերը ոչ միայն քանակական աճ են ապահովել, այլև՝ որակական փոփոխություն: Այսինքն՝ տարեցտարի ներդրվում են նաև նոր ծրագրեր և ծառայություններ:

Վարչապետը կարևորել է որոշումը և նշել, որ բուժծառայություններից օգտվողների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ 2018 թ.-ից որդեգրվել է այն քաղաքականությունը, որի համաձայն՝ բուժման կարիք ունեցող ոչ մի քաղաքացի առանց բուժծառայության չպետք

է մնա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետպատվերը վերջանալուն նվիրված հրապարակումներին. «Բնականաբար, այդ թեման ինձ շատ էր հուզում և հուզում է, ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ մենք պարզեցինք հետևյալը, օրինակ՝ 2017 թ. պետպատվերի համար դրվում է իքս գումար, և ամբողջ պետական համակարգը աշխատում էր այնպես անել, որ այդ գումարից ավելի կարիք ունեցող չհասնի հիվանդանոց: Այսինքն՝ ուղեգրման ճանապարհին մարդուն այստեղ այնտեղ էին ուղարկում և այդպիսով կառավարում էին գործընթացը: 2018 թ, հետո մենք պետպատվերի ֆինանսավորումը և մեխանիզմները լավարկել ենք և արդեն 2023 թ. ֆինանսավորումը համարյա կրկնապատկել ենք՝ 176 տոկոսով ավելացրել ենք»:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ տարեցտարի ավելացվող գումարները չեն բավականացնում, քանի որ այդ ծառայություններն իսկապես հասանելի են դարձել բնակչության համար: Ըստ վարչապետի՝ այդ համակարգը կառավարելու մեխանիզմների լավարկվել են և այժմ դրվել է օֆերտա բոլոր պետպատվերի ձևերի և ուղղությունների համար, ինչը նշանակում է, որ եթե նախկինում մարդու հնարավորությունը ինչ-որ ձևով կապվում էր կոնկրետ որոշակի հիվանդանոցների հետ, որոշակի չափաբաժիններով, ապա հիմա շահառուն ինքն է որոշում ուր գնալ: «Մարդիկ այդ ծառայություններից ռեալ օգտվում են, և այդ վերնագրերը մի բանի մասին են վկայում, ինչն արտահայտվում է այս թվերով, որ նախկինի համեմատ կրկնապատկվել է պետպատվերով բուժծառայություններից օգտվողների թիվը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը հանրապետությունում պատրաստվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ: «Քննարկումների արդյունքում, ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք կարող է ծավալների մասին պատկերացում չունենք, որ կարող է մտնենք այդտեղ և պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք:

Այս որոշմամբ վերաբաշման միջոցով ավելացնում ենք պետպատվերի ֆինանսավորումը: Դրանով, առաջին՝ առողջապահական բիզնեսում հնարավորինս արդար մրցակցային դաշտ ենք ստեղծում, երկրորդ՝ մարդկանց իրական կարիքներն ավելի շատ ենք սպասարկում, և հաջորդը՝ ստանում ենք պատկերացում, թե ինչ ծավալի հետ ենք գործ ունենալու առողջապահության ապահովագրության համակարգը ներդնելու պարագայում: Կարծում եմ, որ կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա, որովհետև այսպիսի բան ասել, նշանակում է ասել, որ մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք: Չկա՝ եկեք աշխատենք ստեղծենք: Դրա համար ենք մենք վերադառնում հարկերին: Երբ մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ վայ, մեզ ուզո՞ւմ հարկեք, պետք է ասենք՝ այո՛, ձեզ ուզում ենք հարկենք, որովհետև դուք այս 84 374 քաղաքացիներից մեկն եք»: