Բացել լրահոսը Փակել լրահոսը
314084
A A
Քաղաքականություն

Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է․«Ազատություն»

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ տեղի բնակիչները ենթադրում են, որ երկու երկրի պաշտոնյաների հանդիպում է ընթանում, հայտնում է «Ազատությունը»։

Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։

«Ազատության» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղ ենթադրաբար ընթանում է հայ - ադրբեջանական հանդիպումը, մայիսի 14–ին վրաններ են տեղադրվել։

Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն են ստորագրելու։ Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ՝ ով է հայկական կողմից այն ստորագրելու։

Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմանավորվածությունների մասին հայտնող Հայաստանի արտգործնախարարությունը ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է՝ նշելով, սակայն, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 3 կետի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։