Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահն առանձնահատուկ կարևորություն էր տվել վարույթների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հանձնարարել՝ բացառել քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված, միաժամանակ՝ հանձնարարվել էր նաև քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաներն օրինական տիրապետողներին ի պահ հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար։
Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք։
Հավելենք, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և պարբերաբար անդրադարձ է կատարվելու քաղաքացիների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այդ համանման խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին:
ՀՀ քննչական կոմիտե