ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։
Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ այսօրվա հանդիպման հյուրընկալության և բարձր մակարդակով կազմակերպման համար։
Հարգելի Օլժաս Աբայի, ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Համոզված եմ, որ Ձեր փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և գործարարական հատկությունները կօգնեն Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ լուծել Ղազախստանի Հանրապետության շահերն առաջ տանելու խնդիրները։
Գործընկերներ,
Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։
ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում։
Այս համատեքստում մենք ողջունում ենք Հանձնաժողովի ջանքերը՝ դինամիկան վերլուծելու և խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները բացահայտելու գործում: Այս անընդհատ աշխատանքը մշտապես մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը մեր երկրների բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելն է:
Նաև կարևոր ենք համարում Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա թույլ կտա ոչ միայն հեշտացնել թվային առևտրի ընթացակարգերը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար ստեղծել ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք։
ԵԱՏՄ-ի նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր էր կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ, և ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։
Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին իրազեկմանը` նպատակ ունենալով հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին: Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչության և դեղագործության ոլորտները, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի անդամ այլ երկրների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։
Ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար մենք աջակցում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը։
Մեկ այլ առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր
տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։
Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,
ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ։ Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։
Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։
Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը։
Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։
Քանի որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի և Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են արդյունաբերական ոլորտում համագործակցությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, էներգետիկ ռեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի բյուջեի նախագծին և այլն:
Ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: