Բացել լրահոսը Փակել լրահոսը
470136240_984011127096606_8823752575969536168_n
A A
Պաշտոնական

Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները. էական խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։
 
 Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
 
 Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:
 
 Կարևորում ենք նշել, որ Տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։
 
 Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։
 
 Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։
 
Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս։