Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կարող է ներկայացնել 2027 կամ 2028 թվականին․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Նա  աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիվ չի ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու վերաբերյալ։ Նա այս մասին ասել է նոյեմբերի 3-ին Բրյուսելում՝ Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում։

«Հաջորդ տարին կարող է իրատեսական լինել։ 2028 թվականը կարող է իրատեսական լինել»,— ասել է Փաշինյանը։ Նա հավելել է․ «Մենք սկսել ենք գործընթացը, որը մեզ կբերի Եվրոպական միությանը լիարժեք անդամակցության հայտ ներկայացնելու վերջնական որոշմանը»։

Փաշինյանի խոսքով՝ այժմ Երևանը կենտրոնացած է Եվրոպական հանձնաժողովի հետ վիզաների ազատականացման երկխոսության վրա՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մինչև 2029 թվականը։

Փաշինյանը եվրոպական ուղղությունը բացատրել է Հայաստանի և նրա քաղաքացիների համար ընտրության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ։

«Մեր առաջին մտադրությունն այլընտրանք ստեղծելն է Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ավանդաբար մեր հասարակության և գուցե մեր հարևանների ընկալումն այն էր, որ Հայաստանը այլընտրանք չունի»,— շեշտել է նա։

Նա ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կապել է նաև ժողովրդավարության պաշտպանության հետ։

«Մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքների խնդիր չէ։ Դա ռազմավարական ընտրություն է»,— ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերներից է եղել։

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը՝ քաղաքացիներին

Փաշինյանը նշել է, որ գիտակցում է Եվրամիությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությունում մնալու միջև ընտրության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը։

Ռուսաստանի արձագանքների մասին հարցերին պատասխանելիս վարչապետը շեշտել է քաղաքական և տնտեսական հարաբերությունները բազմազանեցնելու նպատակը։

«Եթե որևէ հարաբերություններում հավասարակշռություն չկա, միշտ ռիսկ կա»,— ասել է նա։

Արձագանքելով Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանը «հաջորդ Ուկրաինան» դառնալու մասին զգուշացման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը շեշտել է երկրի անկախությունն ամրապնդելու նպատակը։

Զրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև Վրաստանի եվրոպական ձգտումներին՝ դրանք կապելով Հայաստանի եվրոպական հեռանկարի հանրային ընկալման հետ։

«Մենք ոգեշնչվել ենք Եվրոպական միության լիարժեք անդամ լինելու՝ Վրաստանի վճռականությամբ։ Հայաստանի համար Վրաստանի հաջողությունը շատ կարևոր է՝ քաղաքացիների կողմից մեր եվրոպական հեռանկարների ընկալման համար»,— ասել է նա։