Բացել լրահոսը Փակել լրահոսը
+++111 (2)
A A
Պաշտոնական

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets համատեղ ջանքերով փրկված և վերականգնողական փուլ անցած ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան 2 գորշ արջ հաջողությամբ վերադարձվել են վայրի բնություն։
 
 Տեսչական մարմնի աշխատակիցները 2025 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հարակից տարածքում մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված մոտ 8 ամսական քոթոթին, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրի հարակից տարածքում մոտ 7-8 ամսական հյուծված ու ծանր վիճակում հայտնաբերված քոթոթին հանձնել էին Հիմնադրամի Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։
🐾 Վերականգնողական կենտրոնում արջերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո և մարդու հետ նվազագույն շփմամբ իրականացված խնամքը թույլ է տվել պահպանել քոթոթների վայրի բնազդները, մարդու նկատմամբ զգուշավորությունն ու ինքնուրույն սնունդ հայթայթելու հմտությունները՝ նախապատրաստելով նրանց բնական միջավայր վերադառնալուն։
🛰️ Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով 2 արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապեր։ Դրանց միջոցով մասնագետները շուրջ մեկ տարի կիրականացնեն մշտադիտարկում՝ հետևելով կենդանիների տեղաշարժին, կերային տարածքների ընտրությանն ու վայրի բնության մեջ վարքագծին։
📍 Բացթողման գործընթացն իրականացվել է Ծաղկունյաց լեռների հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում։