Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում: Եվրոպոլում Հայաստանի Հանրապետությունը կունենա կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և անդամ երկրների հետ համագործակցության խորացումը:
Եվրոպոլի հետ համագործակցության նոր ձևաչափը կնպաստի անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։