Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«10 տարի է՝ գետինները քարշ ենք գալիս». 58 տարի աշխատողի կյանքը (տեսանյութ)

Քաղաքականություն
toshakaru-qnqush

75-ամյա Սենինա Մելքոնյանը վերջին անգամ էր եկել  Վերնիսաժ՝ իր ձեռքի աշխատանքները  կամ  տան  չօգտագործվող իրերը  վաճառելու համար։ Հուլիսի 1-ից  Վերնիսաժում թույլատրվում է վաճառել միայն արվեստի գործեր։ Տիկին Սենինային առաջարկվել է առեւտուր անել  «Հրազդան» տոնավաճառում, որտեղ նա այլեւս Կենտրոնում գտնվող  իր տնից ոտքով հասնել չի կարողանա։ «Էնտեղ գոնե 1000-3000 դրամ աշխատում էի: Օր է եղել՝ տնից փող եմ տարել, որ տեղի փող տամ. մի մետրը 300 դրամ են հաշվում, պահեստն էլ՝ մի 400-500 դրամ, ու 1000 դրամն էտպես գնում է, դեռ ոտքով էլ գնում-գալիս եմ»,- «Ա1+»-ին պատմեց տիկին Մելքոնյանը:   toshakaruner-manik+surik    Սենինա Մելքոնյանը  ապրում է 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու  հետ, զավակներ չունեն.«Աշխատել եմ ամբողջ կյանքս ու ի՞նչ, արդյունքը ո՞րն էր՝ 30 հազար դրամ  թոշակը»: «Հայէլեկտրո»-ում 42  տարվա  աշխատանքային փորձ ունեցող Սուրեն Մելքոնյանը ստանում է 56 հազար դրամ թոշակ, որն այսօր համարվում է միջինից բարձր: Այս ընտանիքում  ուտելիքից առավել դեղորայքի վրա է գումար ծախսվում։ Դեղորայքից հետո հաջորդ կլորիկ ծախսը կոմունալ վճարումներն են: Ձմռանը էլեկտրաէներգիայի դիմաց ծախսը ամսական մոտ 25000 դրամ է եղել։ Այսքանից հետո ինչ մնում է  գումարից, այն էլ օգտագործվում է սննդի եւ այլ ծախսերի համար: «Այդ բոլորից հետո իրար հետ միասին իջնում ենք շուկա, ինքը մի տեղ կանգնում է, ես առեւտուրն անում եմ, բերում եմ մի 10 օրվա՝ ինչ-որ պետքն է, դնում ենք մի մեքենա, գալիս ենք տուն»,- պատմում է Սենինա Մելքոնյանը:           Ամուսիններն ապրում են Երեւանի Սարալանջի փողոցում, որտեղ տան դռներն անմիջապես բացվում են փողոցի վրա, իսկ նեղլիկ մայթերով քայլելն էսքտրիմի ժանրից է: Նրանց հարեւանությամբ ապրում է տիկին Սենինայի  մտերիմ ընկերուհին՝ Քնքուշ Եղոյանը, որի հետ  ամեն շաբաթ-կիրակի ոտքով գնում էին Վերնիսաժ: 79-ամյա Քնքուշ Եղոյանը միայնակ է ապրում:  Ամուսինը մահացել է ,  զավակներ չունի։ 39 հազար դրամ թոշակը ծախսում է միայն սննդի վրա. «Ես ինչ-որ առել եմ, շատ շուտ ամուսինս առել է, հիմա էլ ով է բան առնում: 33 տարի խոհարար եմ աշխատել «Մասիս» ֆիրմայում հետո ,15 տարի հացի փռում ձրի աշխատել եմ: Ահա 10 տարի էլ գետինները քարշ ենք գալիս»:   Ամբողջ տարվա ընթացքում կուտակելով էլ՝ նա կարողանում է 80 հազար դրամ հետ գցել, 4 խորանարդ մետր փայտ գնել՝ ձմռան համար. «Կուբան 20 հազար է, ջարդողին տալիս եմ 20 հազար... Բա, ի՞նչ պիտի անեմ, առանց վառելիքի»: Նրա տունը ծայրահեղ անմխիթար վիճակում է: «Անձրեւը գալիս, չռռում է, հողն ու քարն էլ, վախենում եմ էստեղ կանգնեմ, գործ անեմ: Լավ է՝ մեկ օր չեմ մնացել հողի տակը, մեռնեի ու խաբար էլ չէին լինի, թե որտեղ է էս կնիկը»,- ասում է թոշակառու 79-ամյա Քնքուշ Եղոյանը:  Վերջին տարիներին իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների հիմքում դրվել է ապահով ծերության գաղափարը: ՀՀ-ում կենսաթոշակային տարիքը 63-ն է,  միջին կենսաթոշակը՝ մոտ 41 հազար դրամ, առավելագույնը չափը կախված է աշխատանքային ստաժից: 465 հազար կենսաթոշակառուի  մեջ կանայք գերակշռում են՝ շուրջ 60 տոկոս:  Կենսաթոշակային բարեփոխումներն իրականացվում են հիմնականում երկու ուղղությամբ՝ գործող՝ սերունդների համերաշխության եւ 2014թ. ուժի մեջ մտած բազմաստիճան կենսաթոշակային համակարգերով: Նպատակն է ապահովել կենսաթոշակների հասցեականությունը: socap-anahit galstyan  «Կենսաթոշակ պետք է ստանա նա, որը իրավունքն ունի:  Վերջին տարիներին ներդրվեց էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը, ինչի արդյունքում ցուցակները բավականին զտվում են, կոռուպցիոն ռիսկերը նվազում են, եւ, ըստ էության, կարողանում ենք կենսաթոշակի իրավունքի իրացման հնարավորությունը տալ այն անձին, որը օրենքով սահմանված կարգով ունի այդ իրավունքը: Արդյունքում, մենք կարողանում ենք խնայել միլիարդավոր բյուջետային միջոցներ, որոնք կարողանում ենք ուղղել կենսաթոշակների բարձրացմանը»,- վստահեցրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:  Կենսաթոշակի չափը կախված  է երեք հիմնական մեծությունից. «Դա հիմնական կենսաթոշակի չափն է, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը մինչեւ տասը տարվա դեպքում եւ տասը տարուց ավելի ստաժի դեպքում: Գործող օրենսդրության համաձայն հիմնական կենսաթոշակի չափը 16 հազար դրամն է, մինչդեռ տասը տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամ է, տասը տարուց հետո՝ յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ»: Կենսաթոշակային բարեփոխումների 2-րդ ուղղությունը՝ Պարտադիր կուտակային համակարգն է, որը պետք է գործեր 2014թ. հունվարի 1-ից 1974թ. հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Համակարգով մինչեւ 500 հազար դրամ ստացող քաղաքացիները պետք է վճարեին աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան էլ պետությունը, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ ֆիքսված 25000 դրամ: Համակարգի նկատմամբ դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ, ձեւավորվեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը: mane tandilyan Մանե Թանդիլյանը նախաձեռնության ակտիվ մասնակիցներից էր եւ փողոց էր դուրս գալիս պայքարի մեկ հստակ գիտակցմամբ՝ բարեփոխումը չի կարող լինել պարտադիր: «Վերանվանեցինք, կոչեցինք սոցիալական վճար, սակայն այն շարունակում է կրել պարտադիր բնույթ, որը նշանակում է՝ մենք ներդրումներ ենք անում ու մեր միջոցներից զրկվում ենք պարտադրաբար մեծ ռիսկայնությամբ ռեֆորմների մեջ»,- նշեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը: Հասարակական ճնշման արդյունքում Սահմանադրական դատարանը նախ հակասահմանադրական ճանաչեց Կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ, ապա՝ ԱԺ որոշմամբ 2014թ. հուլիսի 1–ից այն պարտադիր դարձավ միայն պետական հիմնարկների աշխատողների համար։ Մասնավոր հատվածի այն ներկայացուցիչները, որոնք սեփական դիմումի համաձայն հրաժարվեցին համակարգից, նրանց համար վերանվանված սոցիալական վճարի գանձումը հետաձգվեց մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը: Այս տարի ԱԺ-ն եւս մեկ փոփոխություն կատարեց՝ մասնավոր հատվածի համար համակարգը հետաձգվեց եւս մեկ տարով՝ 2018թ. հուլիսի մեկ: 2018թ. նախատեսվում է ներդնել նաեւ Հարկային նոր օրենսգիրքը, որով եւս աշխատավարձերից եկամտահարկի գանձումը փոփոխվելու է՝   չնչին չափով նվազելու է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս, իսկ 204.000-ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները կսկսեն 2-ից 7 տոկոսով ավելի շատ հարկ վճարել: «Մեր երկրում 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացու վրա ծանրանալու է եկամտահարկի բեռը, եւ որքան ավելի ստանանք, այնքան ավելի է ծանրանալու: Նորից ունենք մի անարդարացի միջավայր, որտեղ չվճարողն ու ստվերային աշխավարձ ստացողը չի տուժում ոչ մի կերպ, եւ տուժում են միայն բարեխիղճ, արդար եկամուտներ ստացողները, որոնք իրենց վրա կրում են նաեւ իրենց ընտանիքի բեռը, եւ առհասարակ չկա նվազագույն շեմ, որ չի հարկվում նրանց համար»,- ահազանգում է Մանե Թանդիլյանը: Պարտադիր կենսաթոշակայի համակարգի հեղինակներից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը բնական է համարում, որ այս բարեփոխումը ոչ բոլոր ուժերի կողմից աջակցություն պիտի ստանար, եւ հանրությունն էլ իր դժգոհությունը պետք է հայտներ: «Ինչո՞ւ, որովհետեւ բնական է դա՝ հասարակության ապագայի խնդիրն է, հասարակությունը չի կարող միանշանակ արձագանքել բոլոր երեւույթներին», հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս համակարգի արդյունքը հնարավոր չէ 2-3 տարում տեսնել. «Այստեղ արդյունքը գոնե մի 20 տարի հետո պետք է լինի, քանի որ որքան շատ գումարներ, այնքան արդյունավետությունը բարձր, եւ, բնականաբար, այսօր փող վճարողը գոնե 20 տարի հետո նոր կենսաթոշակ կստանա եւ համեմատությունը կլինի արդեն»: hakob hakobyan Հակոբ Հակոբյանը, թեեւ կենսաթոշակային այս բարեփոխումը կայացած է համարում, սակայն կամավորության սկզբունքով չի միացել համակարգին. «Ես մասնակից չեմ, քանի որ ես ստանալու եմ հատուկ թոշակ, եւ կարծում եմ, որ այն կբավարարի թոշակառուին ապրելու համար»: Կենսաթոշակային համակարգի մասնակիցներն այս պահին 146 հազարն են, որոնցից 65 հազարը՝ պետական սեկտորից, 81 հազարը՝ մասնավոր: «Կան մարդիկ, որոնք իրենց դիմումով՝ կամավոր կերպով, միացել են համակարգին՝ նրանք եւ 1964-1974թթ. ծնվածներն են, եւ 1974թ. հետո ծնվածները: Այլ կերպ ասած՝ համակարգի 50 տոկոսից ավելին այսօր մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են»,- նշեց ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:    Պարտադիր կուտակային համակարգը բաղկացած է 3 ֆոնդից՝ բարձր ռիսկային, միջին ռիսկային՝ պահպանողական եւ ցածր ռիսկային կամ կայուն եկամտային: Այս 3 ֆոնդը կառավարում են միջազգային 2 կառավարիչ՝ ֆրանսիական «Ամունդի Ակբա ասեթ մենեջմենթ»-ը եւ գերմանական «Ց Կվադրատ»-ը:   KB-karen hakobyan Կարեն Հակոբյանի տեղեցմամբ՝ այս պահի դրությամբ մեր կենսաթոշակային ակտիվները կազմում են 41 մլրդ դրամ, որոնք ներդրված են տարբեր ֆինանսական ակտիվներում. 41 մլրդ-ից 19 մլրդ-ը մարդկանց կողմից արված հատկացումն է, եւս 19 մլրդ-ն պետության կողմից համաֆինանսավորումն է եւ շուրջ 3 մլրդ-ն արդեն ապահովված եկամուտն է, որը ստացվել է ֆոնդերի կառավարիչների կառավարման արդյունքում. «Այդ 41 մլրդ-ից մոտ 31 տոկոսը մեր ՀՀ տնտեսության ֆինանսավորմանն է  ուղղվել, մոտ 40 մլն-ով ձեռք է բերվել ՀՀ պարտատոմսեր եւ մոտ 29 տոկոսը ներդրվել է տարբեր միջազգային շուկաներում գնանշվող տարբեր պարտատոմսեր, բաժնետոմսեր եւ այլն»: Ըստ նրա՝ միջին աշխատավարձ, այսինքն՝ 180 հազար դրամ ստացող անձի կուտակային հաշվում երկու տարվա ընթացքում արդեն կուտակվել է շուրջ 500 հազար դրամ:  «Եթե մարդն աշխատի 20-30 տարի մինչեւ 63 տարեկան դառնալը, ապա դա մեծ գումար է, ընդ որում՝ հաշվի առնենք, որ դա կառավարվում ու եկամուտ է ապահովում: Մեր թիրախն այն է, որ անձն իր վերջին աշխատավարձի 40-50 տոկոսը ստանա կենսաթոշակ մինչեւ իր կյանքի վերջը»,- ասաց Կարեն Հակոբյանը: Իսկ մինչեւ 63 տարեկան դառնալը քաղաքացին իր կենսաթոշակային գումարը կարող է վաղաժամ կանխիկ ստանալ  ծանր հիվանդության դեպքում։    Անձի մահվան դեպքում գումարը կստանան նրա ժառանգները: