Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անակլիան կդառնա՞ 2-րդ Բաթումի. Նանուլի Պիպիան չի հավատում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
anaklia1

Վրաստանի ծովափնյա Անակլիա փոքրիկ քաղաքը հավակնում է դառնալ, ինչպես վրացիներն են սիրում ասել, 2-րդ Բաթումին՝ նույնքան մարդաշատ ու ակտիվ:  «Երբ որ այդպես լինի, կասեք ինձ. երբ դա լինի, ես կծերանամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում կատակում է Անակլիայի 79-ամյա բնակչուհի Նանուլի Պիպիան: Նա տեղացի չէ: Երբ ամուսնացավ ու տեղափոխվեց Անակլիա, նրա սկեսուրը եւս ասում էր այդ մասին. «Ասում էր շուտով մեզ մոտ կլինի նավահանգիստ, ու մենք շատ լավ կապրենք: Նա ծերացավ, մահացավ, ու ես էլ ծերացել եմ ու շուտով կմահանամ, երբ դա կլինի, կասեք ինձ»: Մինչ այդ, Անակլիայում փողոցները կիսադատարկ են, մարդիկ անշտապ քայլում են հենց փողոցի մեջտեղով, չկա երթեւեկություն, կարելի է հանդիպել միայն ոստիկանության ավտոմեքենան, այն էլ հիմնականում լողափում:Փողոցները թողնվել են կենդանիների հայեցողությանը՝ նրանց երթեւեկը ազատ է այստեղ: Ինչպես Նանուլի Պիպան է ասում՝ Անակլիան ակտիվանում է տարվա մեջ մի քանի օր՝ օգոստոսին, երբ սկսվում է էլեկտրոնային երաժշտության «GEM fest-2016». աշխարհի տարբեր ծայրերից Անակլիա են գալիս ճանաչված երաժիշտներ, դիջեյներ: Միայն այս ժամանակ է, որ քաղաքի բոլոր հյուրանոցները լիքն են, իսկ տների առանձին սենյակներ՝ վարձակալված: Նանուլի Պիպան եւս իր տան սենյակները վարձակալության է տալիս՝ օրը 10-15 լարիով: Դա իր միակ եկամուտն է, տարվա մյուս եղանակներին պահակություն է անում: anaklia2 Անակլիայի ծովափը մարդաշատ է ամռան սկզբից: Երիտասարդների սիրելի զբաղմունքն այստեղ ծովախեցիներ հավաքելն է, որոնք հետո վաճառում են: Ընդհանրապես այստեղ յուրաքանչյուրն իր աշխատանքն ինքն է ստեղծում ու ընտանիք պահում: Օրինակ՝ Սեւ ծովի ափին մշտապես ձուկ որսացող պապիկը ամեն օր 2-3 կգ կարաս է բռնում, եթե օրական երկու-երեք ժամ անցկացնի ծովափին: anaklia3 Անակլիայում չկան գործարաններ: Մի քանի տարի առաջ մեծ թափ էր առել շինարարությունը, իսկ հիմա քաղաքում շատ են կիսակառույցները: Տեղացիները կարոտով են հիշում նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու կառավարման տարիները: «Հենց նա գնաց ու ամեն ինչ վերջացավ»,- ասում է Նանուլի Պիպիան: Անակլիայի երիտասարդությունն այստեղ մշտական զբաղմունք չունի եւ ստիպված արտագնա աշխատանքի է մեկնում հիմնականում Թուրքիա: