Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը վճռական գործողությունների կոչ է անում

Կարևոր լուրեր Տնտեսություն
603d4bae1f99bcca832ab05f658794a7

Արժույթի միջազգային հիմնադրամը 2015 թ. Հայաստանում կանխատեսում է 1% տնտեսական անկում, 2016 թվականի համար կանխատեսվում է 0% աճ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՀ կայքէջում հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ։ Անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցից։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բախվել է մի շարք խնդիրների, որոնք կապված են հատկապես Ռուսաստանի վատթարացող տնտեսական վիճակի հետ։ Ավելի վաղ՝ 2014թ. հոկտեմբերին Հիմնադրամի կողմից Հայաստանում կանխատեսված տնտեսական աճը չի արձանագրվել։ Հիմնադրամը սա կապում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործընթացների հետ՝ դրամի արժեզրկում, արտահանման ծավալների կրճատում, բարձր դոլարիզացիայի մակարդակ, երևույթներ, որոնք տնտեսությունը պահում են խոցելի մակարդակի վրա։ Հիմնական արտաքին ռիսկերը պայմանավորվում են Ռուսաստանում իրավիճակի վատթարացման կանխատեսումներով, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի՝ դանդաղ աճի հեռանկարներով։ Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.2% աճը, մինչդեռ Կենտրոնական բանկի կողմից ակնկալվում է աճ՝ 0.4-2.0%-ի սահմաններում: Համաշխարհային տնտեսության համար 2015 թ. ԱՄՀ-ն կանխատեսում է 3.5%, 2016թ. համար՝ 3.8% աճ: ԱՊՀ տարածքում 2015թ. համար կանխատեսումը անկումային է՝ միջինը 2.6%, իսկ 2016թ. կգրանցվի 0.3% աճ։ ԱՄՆ-ում 2015-2016 թթ. աճը կլինի 3.1%, եվրագոտում՝ 2015թ.՝ 1.5% և 2016թ.՝ 1.6%: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանն ի վիճակի է դիմակայել առկա մարտահրավերներին։ Իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը զուգորդվում է ԱՄՀ-ի ֆինանսական աջակցությամբ։ Հիմնադրամի պնդմամբ՝ Հայաստանը պետք է բարձրացնի ներքին դիմադրողականությունը արտաքին գործոնների նկատմամբ, խթանի միջնաժամկետ հեռանկարներ ունեցող զարգացման ծրագրերը, նվազեցնի աղքատության ցուցանիշները։ ԱՄՀ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը իրականացնել վճռական գործողություններ՝ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով։