Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԱԿ-դրոշ
A A
Պաշտոնական

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ

ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։

2024թ. ապրիլի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակներում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնի անհետացումների դեպքերը։

2024թ. մարտի 18-ին ԻՊԱՍ-ը գործընկերներ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ ներկայացրել է նաև այլընտրանքային զեկույց:

Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

Կոմիտեն իր հրապարակված զեկույցում խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ, որոնք իրականացվել են ազգային ու էթնիկ պատկանելությամբ հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ինչպես նաև հանցագործությունների ձայնագրման և տեսանյութերի տարածման վերաբերյալ, որոնք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ներառելով ողջ անձանց գլխատման, դիակների պղծման և անդամահատման դեպքեր, այդ թվում՝ դրանք կատարվում են տեսախցիկի առաջ այնպես, ինչից ենթադրվում է, որ կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախի  իսպառ բացակայությունը։

Կոմիտեն նաև իր խորը մտահոգությունն է հայտնել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ ահաբեկչության և հարակից հանցագործությունների հետ կապված 23 անձանց շարունակական կալանքի վերաբերյալ։

Կոմիտեն իր զեկույցով ընդգծում է խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը, և որևէ բացառիկ հանգամանք՝ լինի պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքաղաքական անկայունություն կամ որևէ այլ հասարակական արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում և այդ իրավունքի շեղում, և որ սույն արգելքից բխող պարտավորությունները ենթակա չեն փոխադարձության: Կոմիտեն նաև հիշեցնում է, որ Ռազմագերիների հետ վարվելու վերաբերյալ Ժնևի կոնվենցիան կիրառվում է երկու Բարձր պայմանավորվող կողմերի միջև զինված հակամարտությունների բոլոր դեպքերի նկատմամբ՝ անկախ պատերազմ հայտարարված լինելու հանգամանքից։

Կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված խտրական հայտարարությունների ազդեցության առնչությամբ, որոնք տարածվում են ինչպես առցանց, այնպես էլ տպագիր մեդիայում՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը մեծապես մեծացնում է ազգային և էթնիկ պատկանելությամբ հայ և այլ փոքրամասնությունների անձամբ նկատմամբ բռնություն գործադրելու հավանականությունը։

Կոմիտեի առաջարկությունները Ադրբեջանին, ի թիվս այլոց, ներառում են.

Ամենաբարձր մակարդակով հստակեցնել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների իրավունքի ցանկացած խախտում, որը կապված է տարածաշրջանում հակամարտության հետ կամ այլ կերպ կապված էթնիկ կամ ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, բացարձակապես անընդունելի է, իրականացնել արագ, անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ քննություն Ադրբեջանի զինծառայողների և իրավապահ մարմինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների վերաբերյալ՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների և զինծառայողների գերեվարման համատեքստում, ներառյալ արտադատության սպանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի մասին պնդումների շուրջ, պատշաճորեն հետապնդել և պատժել մեղավորներին և զոհերին կամ նրանց ընտանիքի անդամներին տրամադրել հատուցում և փոխհատուցում,

Ապահովել, որ քննությունն ու հետապնդումները ներառեն հրամանատարական կամ վերադաս պատասխանատվության դիրք ունեցող ցանկացած անձի գործողությունները, ովքեր գիտեին կամ պետք է իմանային, որ իր ենթակաները կատարել են կամ կարող էին կատարել արտադատական սպանություններ, խոշտանգումներ կամ այլ վատ վերաբուրմունք, կամ այլ պատերազմական հանցագործություններ և չեն ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ,

Ապահովել, որ միջազգային մարդասիրական իրավունքը կիրառվի բոլոր միջազգային և ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, որոնց մասնակցում է Ադրբեջանը, ներառյալ՝ զինծառայողների կալանավորմանը, անձեռնմխելիությանը և ազատ արձակմանը վերաբերող համապատասխան և կիրառելի դրույթները, ինչպես նաև ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը բոլոր այն տարածքները, որտեղ կարող են պահվել ռազմագերիները,

Դիտարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու կամ, առնվազն, ընդունելու Դատարանի իրավասությունը՝ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայտարարություն անելով, և այլ կերպ համագործակցել Դատարանի հետ:

Կոմիտեն կոչ է արել հրապարակայնորեն դատապարտել ատելության խոսքը, սպառնալիքներն ու հարձակումները ազգային և էթնիկ պատկանելությամբ հայերի ու բոլոր մյուս փոքրամասնությունների խմբերի դեմ ամենաբարձր մակարդակով և ձեռնպահ մնալ նման սպառնալիքների և հարձակումների հավանություն տալուց ինչպես գործողության կամ անգործողության միջոցով՝ ապահովելով դրանց արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն անկախ նրանից, թե ով է հանցագործը և ցանկացած խտրական դրդապատճառի դեպքում, որը կարող է հրահրել նման գործողությունները՝ երաշխավորելով, որ մեղավորները կդատեն և կպատժվեն իրենց արարքների ծանրությանը համապատասխան: