Բացել լրահոսը Փակել լրահոսը
76
A A
Հասարակություն

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է: Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

«2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել  հայկական հետքը բռնազավթված տարածքներում։

Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսում կամ ոչնչացում, որը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է։ Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային ներկայություն»,- հայտարարել է Հիմնադրամը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։

«Կարևոր է փաստել, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝ ի դեմս Ալիևի և իր ստեղծած բռնապետական ռեժիմի, բացահայտ հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել։ Դրա ամենավառ օրինակն էր 2021 թվականի մարտի 25-ին BBC լրատվականի կողմից տարածված լուսանկարը, որտեղ երևում է, որ Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցին (կառուցված 2013 թվականին) հիմնահատակ ավերված էր:

Այսպես, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ Արցախի տարածքում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը։ Իսկ որ Ադրբեջանը ավարտին կհասցնի իր ծրագրած մշակութային ցեղասպանությունը, կասկած չի հարուցում։ Վկա են Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում տեղի ունեցածը»,- եզրափակվում է հայտարարությունը: 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը։