A
A
«Առայսօր համագյուղացիներով հավաքվելու առիթները հուղարկավորություններ են». Արցախի Շոշի համայնքի ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ին2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում մեկ տասնյակի հասնող շոշեցի է մահացել։
«Ցավալի է, որ առայսօր համագյուղացիներով հավաքվելու առիթները հուղարկավորություններն են»,- նշում է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը։
Շոշեցիները Հայաստանից դուրս այլ տեղ չեն ուզում բնակվել, առայժմ փորձում են գոյատևման աղբյուր գտնել այստեղ՝ մի օր հետվերադարձի ճամփան բռնելու հույսով։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ մշտական հեռախոսակապը համագյուղացիների հետ կա։ Կան և՛աշխատանքով ապահովվածներ, և՛ այլ երկրներ արտագաղթածներ:
Սեպտեմբերի 19-ին ինչպես բոլոր արցախցիները, շոշեցիներն էլ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, երբ սկսվեց հրետակոծությունը։
«Թիրախում, հիմնականում գյուղամերձ դիրքերն էին։ Հասկանալով պահի լրջությունը՝ բնակիչներին սկսեցինք տեղափոխել համայնքային կենտրոնի և դպրոցական շենքի նկուղներ, որտեղ արդեն ապաստան էին գտել մանկապարտեզի երեխաներն ու դպրոցականները։ Շոշ տեղափոխվեցին նաև Շուշիի քթի տակ գտնվող Մխիթարաշենի համայնքի բնակիչները։ Գյուղի վերևի մասի դիրքերը թշնամին արդեն գրավել էր, գյուղի կենտրոնից լսում էինք նրանց գոռոցները, աղաղակները։ Բոլոր կողմերից գյուղի փողոցներն ինտենսիվ կրակի տակ էր առնված։ Ականանետի արկ ընկավ դպրոցի բակ, 4 հոգի վիրավորվեց, որից մեկը՝ երեխա, մեքենաներ վնասվեցին։ Վիրավորներին գյուղի բուժքույրն առաջին օգնությունը ցուցաբերեց։ Մութն արդեն ընկել էր, երբ վերջապես ռուսների զրահամեքենան մտավ գյուղ։ Նրանք մեզ հայտնեցին, որ եկել են բնակիչներին տարհանելու մինչև իրենց բլոկ-պոստը, որից հետո մեր շարժին երաշխիքներ չեն տալիս։ Հարցրեցին՝ քանի բնակիչ ունեք, ասեցի՝ 600։ Ասաց՝ 2 րոպե ժամանակ գյուղացիներին անվտանգ տարհանելու համար։ Գյուղում հղի կանայք ու փոքր երեխաներ կային, ովքեր հրաժարվեցին գյուղից դուրս գալ, շատ վտանգավոր էր։ Սեպտեմբերի 19-ին նրանք մնացին խրամատներում՝ գյուղի տղաների մոտ, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան ռուսների ու մեր տղաների ուղեկցությամբ հաջողվեց անվտանգ դուրս բերել։ Վառելիք չլինելու պատճառով գյուղի մեքենաների մեծ մասը մնաց գյուղում։ Մեքենաները շարժվում էին առանց լուսարձակները միացնելու»,-պատմում է Է. Աբրահամյանը:
Բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ այսօր կանգնած են հանապազօրյա հացը վաստակելու խնդրի առաջ։
«Հետադարձ հայացք ձգելով՝ ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ անգործություն են ցուցաբերել Արցախի անվտանգային պայմաններն ապահովելու գործում։ Իմ ժողովուրդը նման վերաբերմունքի չէր արժանի։ Շոշեցիներից շատերը նույնիսկ հնարավորություն չեն ունեցել նկուղից դուրս գալ, տուն գնալ ու վերցնել իրենց խնայողությունները, փաստաթղթերը, և գյուղից դուրս են եկել մի ձեռք շորով»,- ասում է Էրիկ Աբրահամյանն ու հավելում․
«Արժանապատվորեն բազմաթիվ դժվարություններ պատվով հաղթահարած արցախցին այժմ ոչ թե ապրում, այլև գոյատևում է։ Օդից կախված են մնում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր…»։
Անահիտ Պետրոսյան