Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես քաղաքը փրկեցին կարմիր ներկ սիրողներից եւ չգնահատողներից

Հասարակություն
9

Նույնիսկ եթե միլիոններ ես ծախսում Տալլինի Հին քաղաքում տուն ձեռք բերելու համար, միեւնույն է՝ տերը դու չես։   «Ես եմ տերը,ինչ ուզեմ կանեմ»,- ըստ պատմաբան Բորիս Դուբովիկի՝ Տալլինում որեւէ միլիոնատեր չի կարող այս բառերն ասելով՝ իր տան արտաքին եւ ներքին հարդարանքը փոխել։ Հին քաղաքի տներից յուրաքանչյուրը պատմամշակութային հուշարձանն է։   Բորիս Դուբովիկը, ով ղեկավարում է Տալլինի քաղաքապետարանի Մշակութային ժառանգության գործակալությունը, խստորեն հետեւում է, որ այդ տները գոնե հիմա չկորցնեն իրենց դեմքը։ «Կլասիցիզմն այնքան բան է ոչնչացրել մեր քաղաքում, քան որեւէ պատերազմ»,-ասում է Ճարտարապետության պատմության մասնագետը։ Տալլինցիները, հատկապես հպարտանում են բարոկկո ոճի կառույցներով։   tallin parliament Հին քաղաքի մշակութային արժեք համարվող շենքերում են տեղակայված Էստոնիայի կառավարությունը, խորհրդարանը, նախագահականը։ Այն, ինչով այսօր հիանում է զբոսաշրջիկը, Տալլինի Հին քաղաքում վերականգնվել է վերջին 15 տարիների ընթացքում՝ Բորիս Դուբովիկի եւ նրա ենթակայությամբ աշխատող 11 մասնագետների ջանքերով։ Արեւելյան գործընկերության էստոնական եւ Երեւանի ԵՄ կենտրոնների ծրագրով Տալլին ժամանած հայ լրագրողներին պարոն Դուբովիկը նախ ծանոթացնում է գերատեսչության շենքի պատմությանը։   Tallin       Նրա աշխատասենյակը ժամանակին ննջարան է եղել, որի ցածր առաստաղը հիացնում է իր գույներով եւ նախշերով։ Այնքան էլ հեշտ չի եղել քաղաքային իշխանություններին եւ օլիգարխներին համոզել՝ գումար ներդնել փրկելու համար Հին քաղաքի շենքերը,որոնք խորհրդային տարիներին բնակեցված չեն եղել՝ խոնավության եւ քանդված լինելու պատճառով։   1997-2010թթ Հին քաղաքի շենքերը վերականգնելու համար ծախսվել է 114.541.469 եվրո,որի 1/3-ը հատկացրել է մասնավոր սեկտորը։ Մնացած գումարը տրամադրվել է էստոնիայի պետական եւ Տալլինի քաղաքային բյուջեից։ Այս գումարով նորոգվել են նաեւ 22 եկեղեցիներ։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ եկեղեցիները չունեն ազդանշանային համակարգ, մինչդեռ արժեքավոր սրբապատկերներ ու այլ իրեր են պահվում ներսում։ Պարոն Դուբովիկը հիշում է արտառոց պատմություններ՝ կապված հոգեւորականների հետ։ Օրինակ՝ եկեղեցիներից մեկում հոգեւորականները սրբապատկերը թարմացրել են՝ հրեշտակի այտերը յուղաներկով կարմրացնելով (Յուղաներկը մաքրել անհնար է-խմբ):   tallin   Մեկ այլ պատմություն էլ է հիշում Բորիս Դուբովիկը, բայց արդեն պատրիարքի հետ կապված։ Բարձրաստիճան հոգեւորականը մեղադրել է Դուբովիկին այդքան գումարներ ծախսելու համար։ Ըստ նրա՝ ոչ թե պետք է հին եկեղեցին նորոգել, այլ քանդել եւ տեղում նորը կառուցել։   Խոսելով օլիգարխների հետ համագործակցության մասին՝ Բորիս Դուբովիկն ասում է, որ այդ հաջողվել է այն բանից հետո, երբ ինքը կարողացել է հասնել նրան, որ քաղաքապետարանը որոշակի գումար հատկացնի հին շենքերի նորոգման նպատակով։ «5000 եվրոն օլիգարխի համար փող է. նրանք գիտեն հաշվել»,- ասում է Տալլինի քաղաքապետարանի Մշակութային ժառանգության գործակալության ղեկավարը։ Իսկ ինչո՞վ Տալլինը պարգեւատրեց Բորիս Դուբովիկին Հին քաղաքը փրկելու համար՝ հետաքրքրվում են հայ լրագրողները։

tallin       «Ես նեղացել եմ...»,- պատասխանի փոխարեն ասում է նա։ Բորիս Դուբովիկը պարգեւատրվել է Տալլինի պատվավոր քաղաքացու կոչումով եւ ստացել անվճար կայանելու հնարավորություն։ Բայց շատ կարճ ժամանակ անց քաղաքապետարանը զրկել է նրան այդ հնարավորությունից, ինչն էլ նեղացրել է Բորիս Դուբովիկին։

 Կարինե Ասատրյան Տալլին