Սկիլաչին նշեց Շուշիի հաղթանակը
Սալվատորե «Տոտո» Սկիլաչի։ Իտալական, ինչու չէ նաեւ համաշխարհային ֆուտբոլի, ամենահանելուկային անհատականություններից մեկը այս օրերին գտնվում է Երեւանում։
1990 թ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն հանելուկային խաղացողներից է, քանի որ նա փայլատակել է միայն այդ առաջնության 6 խաղերում, իսկ հետո ընդհանրապես ոչնչով աչքի չի ընկել՝ ոչ երկրի հավաքականի, ոչ էլ իր թիմերի կազմում։
Նա հանելուկային մնաց նաեւ այսօր կայացած մամուլի ասուլիսից հետո։ Մասնավորապես՝ Սկիլաչին ասաց, որ Իտալիայի հավաքականին դժվար պայքար է սպասում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Հայաստանի ընտրանու հետ խաղում, սակայն դրանից առաջ խոստովանեց, որ մինչ Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր ֆուտբոլի մասին։
Ասուլիսի ընթացքում այդպես էլ չպարզվեց, թե ինչով է զբաղվում 1990 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը։
«Ֆուտբոլը թողելուց հետո նկարահանվել եմ մի քանի սերիալներում, զբաղվել եմ ֆուտբոլի մեկնաբանությամբ։ Պալերմոյում իմ անունով ֆուտբոլի ակադեմիա ունեմ։ Սակայն ավելի շատ սիրում եմ ճանապարհորդել, զբաղվել այնպիսի գործով, որը ինձ դուր է գալիս, մասնակցել հետաքրքիր միջոցառումների»։
Ի դեպ, Սալվատորե Սկիլաչին Հայաստան էր ժամանել, որպեսզի մասնակցեր Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարին, որն անցկացվել է մայիսի 9-ին, Ստեփանակերտում։
«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե քանի գոլ հաջողվեց խփել այդ խաղերում, սինյոր Սկիլաչին ժպտալով ասաց. «Ինքնին, տարիքն իր ազդեցությունը թողնում է։ Այս անգամ մեկ գոլ խփեցի, այն էլ իմ մոտ ընկեր Արմենի (նկատի ունի Սիրողական ֆուտբոլի միջազգային միության պատվավոր նախագահ Արմեն Բարխուդարյանին - խմբ.) փոխանցման օգնությամբ»։
Սալվատորե Սկիլաչին մեծ տպավորություն էր ստացել Լեռնային Ղարաբաղի բնակիչների հյուրասիրությունից, քանի որ խաղի ավարտից հետո նրանք երեք ժամ բաց չեն թողել ֆուտբոլիստին՝ խնդրելով լուսանկարվել եւ ինքնագրեր բաժանել։