Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 5 քայլերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍամվել Կարապետյանի քաղաքական թիմը՝ 300 հազար նոր աշխատատեղի, հարկային արտոնությունների և արտադրական վերափոխման մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ, հայտարարում է, որ Ազգային ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում առաջին իսկ քայլով կստեղծի 300 հազար նոր աշխատատեղ։ Այդ մասին տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, նոր աշխատատեղերի ստեղծման հիմքում դրվելու է արդյունաբերության և վերարդյունաբերության զարգացումը։ Ծրագիրն ունի հստակ քայլեր․
-
300 հազար նոր աշխատատեղ,
-
Փոքր բիզնեսի ամբողջական ազատում հարկերից,
-
Դեղորայքի 20%–ով էժանացում,
-
Գյուղերում բերքի երաշխավորված մթերում,
-
20 հազար մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն տարեկան մոտ 7 մլրդ դոլարի ապրանք է ներմուծում, իսկ արտահանման հետ տարբերությունը կազմում է գրեթե 4 մլրդ դոլար։ Սա, ըստ նրա, կարող է փոխվել, եթե այդ ապրանքները սկսենք արտադրել Հայաստանի ներսում։ Այդ նպատակով առաջարկվում է․
-
կառուցել նավթամշակման գործարան՝ մոտ 0.5 մլրդ դոլարի շրջանառությամբ,
-
ստեղծել ջերմաէլեկտրակայան՝ Իրանից ներմուծվող գազի հիմքով։
Նրա խոսքով՝ Իրանը չի կարող նման կայան կառուցել պատժամիջոցների պատճառով, իսկ Հայաստանը՝ կարող է։ Բացի այդ, նախատեսվում է համագործակցել Չինաստանի հետ, որի արտահանման ֆոնդը, ըստ Կարապետյանի, կարող է ֆինանսավորել մինչև 70%-ը, եթե գործարանները կառուցվեն չինական սարքավորումներով։
Նա առաջարկում է նաև փոքր բիզնեսին ազատել շրջհարկից։ Ներկայումս, ըստ նրա, հարկային բեռի տակ գործելուց փոքր բիզնեսը չի զարգանում, մինչդեռ պետական բյուջեի եկամուտների մեջ այն կազմում է ընդամենը 2%։ Իսկ արտաքին ներդրումներով, ըստ Կարապետյանի, կարելի է ապահովել «տասնյակ տոկոսներ»։
«Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են։ Իսկ փոքր բիզնեսին հարկելու կարիք չկա», – նշել է նա։
Ամփոփելով՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է տարեկան 2–3 հազար նոր ընկերություն հիմնել։