Բացել լրահոսը Փակել լրահոսը
016
A A
Թեմա Հասարակություն

«Ամուսնուս զոհվելուց հետո նույնիսկ չէի ուզում մարդամեջ դուրս գալ, բայց իմ մեջ ուժ գտա, աշխատանքի անցա»

Պատերազմում ամուսնուն կորցնելուց, հետո էլ երեխաների հետ Հայաստանում հաստատվելուց հետո Միլան իր մեջ ուժ է գտել նոր մասնագիտություն ձեռքբերելու։ Վճռական է տրամադրված՝ ամեն ինչ անելու է՝ երեխաներին արժանի մարդիկ մեծացնելու համար․․․
 
 
Միլա Մարգարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Ստեփանակերտի Գ. Նարեկացի համալսարանը։ Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն աշխատում էր Մարտակերտի քաղաքապետարանում`որպես հարկերի գծով մասնագետ։ Պատերազմից հետո ծառայության անցավ ազգային անվտանգության ծառայության արագ արձագանքման 3-րդ վարչության կադրերի բաժնում՝ որպես գործավար-օպերատոր։ Ցանկանում էր ամուսնու կիսատ թողած գործի շարունակողը լինել։
 
 
10 տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում շատ բան է սովորել զինվորական ամուսնուց, ինչն այժմ փոխանցում է երկու դուստրերին։
 
«Ամուսնուս զոհվելուց հետո նույնիսկ չէի ուզում մարդամեջ դուրս գալ, երբ գիտակցում էի, որ մարդկանց մեջ էլ չեմ տեսնի Ռուսլանին։ Հետո տեսնելով, որ իմ հոգեկան ընկճվածության հետևանքով ծանր ապրումներ են ունենում աղջիկներս, իմ մեջ ուժ գտա, աշխատանքի անցա»,-Ա1+-ի հետ զրույցում ասում է Արցախի պաշտպանության բանակի սպա Ռուսլան Հակոբյանի այրին։
 
 
Չնայած կյանքի հասցրած ծանր հարվածներին, այնուամենայնիվ  Արցախում ապրելը հեշտ էր, ամուսինը կողքին էր, թև ու թիկունք ուներ։
 
«Պատերազմից հետո գունազրկվել է ամեն բան՝ կորցրել եմ ամուսնուս, ընտանիքիս հենասյունը։ Ամեն ինչ ծանրացել է, դժվարացել… 2023-ը վերջնականապես կոտրեց մեզ՝ զրկելով անգամ մեր հոգու ցավի փարատումը հայրենիքում գտնելու հնարավորությունից»։
 
Կյանքի առաջին դաժան հարվածն ամուսինները միասին են հաղթահարել, կյանքին կրկին ժպտացել։
 
«Իմ առաջնեկը տղա էր։ Անչափ էր մեր ուրախությունը։ Սակայն այն երկար չտևեց։ 4-ամյա տղայիս մոտ ծանր ու անբուժելի հիվանդություն ախտորոշվեց»։
 
 
Ցավոք, Հայաստանում, ապա նաև Ռուսաստանում ստացած բուժումն անարդյունք եղավ։ 
 
«Երևանի արյունաբանական կենտրոնում 9 ամիս քիմիաթերապիայի կուրս անցնելուց հետո բժիշկների խորհրդով տեղափոխվեցինք Ռուսաստան։ Բուժման համար պահանջվող բավականին մեծ գումարը՝ 100 միլիոն դրամը 6 օրում հավաքվեց, սակայն բոլորիս պայքարն անարդյունք եղավ։ Եթե ճակատագիրը բարեգութ գտնվեր մեր նկատմամբ՝ այսօր իմ Կարոն 14 տարեկան կլիներ»,- ասում է վշտահար մայրը։
 
Կարոյից հետո ծնվեց դուստրը՝ ում եղբոր անունով Ռուսլանն անվանեց Կարոլինա։
 
 
«Ամուսինս շատ էր ուզում էլի որդի ունենանք։ Պատերազմի օրերին մեր վերջին հեռախոսազրույցի  ժամանակ ասեց՝ որ գամ՝ ինձ որդի կպարգևես չէ՞,  իհարկե՝ ասացի, միայն թե զգույշ մնա»,- հիշում է տիկին Մարգարյանը։
 
Ամուսնու հետ բազմաթիվ երազանքներ ունեին, չհասցրեցին դրանք իրականություն դարձնել։ 
 
«Դրանք հիմնականում աղջիկներիս ապագայի հետ էին կապված։ Պատերազմական ծանր օրերին ամուսնուս հորդորով Հայաստանում ապաստանեցինք։ Չգիտեի՝ օրերն ինչպես էին մթնում, ինչպես՝ լուսանում։ Ամեն մի օրս աղոթքով էի լուսացնում։ Հոկտեմբերի 28-ին կապն ամբողջությամբ կտրվեց ամուսնուս հետ։ Ու միայն 2021 թվականի հունվարի 28-ին ԴՆԹ նույնականացմամբ հաստատվեց նրա զոհվելու փաստն, ու բոլոր հույսերս ու սպասումներս փշուր-փշուր եղան»,- ասում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանաշանակիր Ռուսլան Հակոբյանի  այրին։
 
 
 
Ամուսնուն հուղարկավորեցին Մարտակերտի եղբայրական գերեզմանոցում՝ որդու կողքին։
 
«Երբեք չեմ մտածել, որ մի օր մահվան սպառնալիքի տակ ստիպված եմ լինելու թողնել իմ ամենաթանկերի շիրիմները, մեր ծննդավայրը, մեր արժանապատիվ կյանքը, որի համար այդքան թանկագին կյանքեր տվեցինք»։
 
Իրականության հետ հաշտվել չի պատրաստվում, անկարող է։ Սակայն պարտադրված է հանուն աղջիկների ուժեղ լինել, չհանձնվել։
 
«Արցախում ամեն ինչ ունեինք՝ սեփական տուն, աշխատանք, շրջապատ, ու որ ամենակարևորն է՝ հայրենիք։ Հիմա վարձակալությամբ ենք ապրում՝ Հրազդան քաղաքում։ Ամենադժվարը երեխաների համար է։ Չափազանց դժվարին ճակատագիր է նրանց բաժին հասել։ Այսքան վաղ տարիքում՝ այսքան ծանր հարվածներ, կարուստներ։  Սկզբնական շրջանում շատ էին լացում՝ մեր տունը, մեր Մարտակերտը, դպրոցը, ուսուցիչներին,  ընկերներին էին հիշում ու անընդհատ լացում։ Ամեն օր սպասում են, որ մի օր հետ կգնանք Մարտակերտ, ու իրենք կգնան իրենց դպրոցն ու կտեսնեն իրենց դասընկերներին»։
 
Երեխաները լավ են սովորում դպրոցում, սիրում են նաև նկարել, հետաքրքրված են օտար լեզուներով։ 
 
Դպրոցում նրանց գրկաբաց են ընդունել՝ ասում է, ու անում են ամեն ինչ, որ նրանք իրենց օտար չզգան։
 
 
Միլան Հայաստանում հաստատվելուց հետո մասնակցել է մատնահարդարման անվճար  դասընթացների` նոր մասնագիտություն ձեռք բերել․
 
«Նոր եմ ավարտել ու տանն աշխատում եմ։ Չնայած դժվարություններին՝ որոշել եմ այնպիսի մասնագիտություն ընտրեմ, որ ստիպված չլինեմ երեխաներիս  երկար միայնակ թողնել»։ 
Երբեք ուրիշ երկիր չեմ տեղափոխվի, Հայաստանում կմնանք այնքան, մինչև հնարավորություն կունենանք Արցախ վերադառնալու»։ 
 
Առայժմ զբաղված է քաղաքացիություն ձեռքբերելու հարցերով։
 
Անահիտ Պետրոսյան
 
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։