Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
Աջակցիր «Ա1+»-ինԱվելի քան 70 մարդ է զոհվել, երբ արագ արձագանքման ուժերի անօդաչու սարքը հարվածել է Սուդանի արևմտյան Էլ Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Դարֆուրի նահանգապետ Մինի Արկո Մինավին:
«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքին, ինչի հետևանքով սպանվել են ներսում գտնվող բոլոր հիվանդները: Նրանց թիվը գերազանցում է 70-ը»,- ասել է Մինավին:
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում ծանր մարտեր են ընթանում Մուհամմեդ Համդան Դաղլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն հայտարարել է, որ երկրում շարունակվող պայքարը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների բռնկման և առողջապահական համակարգի ճակատագրական փլուզման: