Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոռոգման սեզոնը չսկսված՝ Սևանա լճի մակարդակը 22 սմ իջել Է անցած տարվա համեմատ (տեսանյութ)

 Սևան ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի առաջին աստիճանն է, որտեղ իրականացվում է Սևանա լճից  ջրի ներհոսքը։ Անցյալ տարվա աշնանը՝ ոռոգման ավարտի  հետ,  դադարեցվել է նաև լճից ջրի բաց թողնումը, այս տարի դեռ չեն սկսել։

«Սպասում ենք, հենց հիմա արդեն օրերն է սպասում ենք։ Կառավարության որոշումն արդեն կա՝ քանակի վերաբերյալ՝ նորից 170 միլիոն խորանարդ մետր են Սևանից ջուր բաց թողնելու՝ ոռոգման համար»,- ասում է Սևան ՀԷԿ-ի պետ Էռնեստ Օհանջանյանը։

Սևանա լճից ջուրը բաց կթողնեն նախ Հրազդան ՀԷԿ, ապա Մարմարիկի ջրամբար, այնուհետև Արգել, Արզնի, Քանաքեռ և Երևան ՀԷԿ-եր։ Հիդրոէլեկտրակայաներ հասնելու ճանապարհին էլ ոռոգում կիրականացվի։ Լճից ջուրը բաց կթողնվի միայն այն ժամանակ,  երբ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները Սևան-Հրազդան կասկադի՝ կապարակնիքները կբացեն։

«էս կնիքն ա։ Կնքված ա տարբեր կազմակերպությունների կողմից, երբ ոռոգման խնդիր էլ չի լինում, ջուր պետք չի լինում Սևանա լճից բաց թողնելու, գալիս են, կնքում են ու ակտ են կազմում, որ պլոմբած է, կնիքված է»,-ցույց է տալիս փականագործ Գուրգեն Գուլանյանը։

Այս պահի դրությամբ Սևանա ջրի բարձրությունը  մի քիչ է բարձր 1900 սանտիմետրից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 22սմ-ով։ 1 սմ բարձրությունը հաշվվում է 10 միլիոն խորանարդ ջուր։

«Պատճառը հիմնականում լցվող ջրերի քանակությունն է եղել, որ նախկինում եղել է ավելի շատ՝ էսօր ավելի քիչ։ Թե չէ ուրիշ բան չկա։ Սևանից դուրս եկող ջրի ամեն մի կաթիլը մեր մոտով է անցնում, որը կնքված, փակված դուրս չի գալիս Սևանից»,- ասում է Սևանի ՀԷԿ-ի պետը։

Սևան ՀԷԿ-ից վստահեցնում են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը չի ազդում ոռոգման համար նախատեսված քանակի վրա։ Բայց այն հանգեցնում է ամռան սեզոնին Սևանա լճի ծաղկմանը։

«Սևանա լճից էներգետիկ նպատակով ոչ մի կաթիլ ջուր բաց չի թողնվում։ Մենք ուղղակի ոռոգման ջուրը օգտագործում ենք էլեկտրաէներգիայի արտադրելու համար»,- նշեց Էռնեստ Օհանջանյանը։

Սևան ՀԷԿ ունի ստորգետնյա եռահարկ կայան, որի ստորին հարկում էլ տեղակայված են տուրբինները, իսկ վերևի հարկում կարգավորիչ սենյակն է։ ՀԷկ-ում գործում է 2 ագրեգատ, որոնցից յուրաքանչյուրն այս պահին ունի  17,5 մեգավատ հզորություն, իսկ ընդհանուր մոտ՝ 35 մեգավատ։ ՀԷԿ-ի պետն ասում է ՝ հիդրոէլեկտրակայան ամեն տարի վերազինվում է։

Սևանի ՀԷԿ-ում 1980 թվականից գործում է նաև ձկնապաշտպան կառույց, որի նպատակն է՝ թույլ չտալ, որ Սևանա լճից մանրաձուկը գնա հիդրոէլեկտրակայաններ։