Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այն արդեն իսկ կիրառվում է հասարակական տրանսպորտի ոլորտում: Առցանց հասանելի են դարձել ավտոբուսներում տեղադրված ուղևորների հաշվառման տվյալները և տեսահսկման համակարգը: Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում առաջիկայում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը: Այստեղ նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։

***

Անդրադառնալով տրանսպորտային համակարգի ներդրմանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այն բավականին բարդ գործընթաց էր, որը ոչ միայն ներառում է շարժակազմերի գնում ու վարորդների վերապատրաստում, այլև տեխնիկական բազմաթիվ համակարգերի ներդրում: «Այս ահռելի ծավալի աշխատանքը ունի մեկ նպատակ, որ Երևանն ունենա կայուն, որակյալ տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու և վերանա: Ես բացառում եմ միասնական տրանսպորտային համակարգում հետադիմություն թույլ տալը: Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել: Կոպեկը չի հասնում համակարգին, չի ծառայում նպատակին: Այդ կոպեկը չի դառնում 45 տրոլեյբուս կամ ամբողջ համակարգերը սպասարկող գումար: Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Գնայինը, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, վստահաբար, պետք է ավելի ճկուն գտնվել»,- նշել է քաղաքապետն ու

հանձնարարել գտնել նվազագույն տարբերակը՝ միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման նպատակով:

***

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Այս պահին թափուր ևս 44 հաստիք կա: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ «Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, չմտնի որևէ տեսակի կանխիկ գործարքների մեջ»,- ընդգծել է քաղաքապետը։

***

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:

***

Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում ու Վազգեն Առաջին Վեհափառի փողոցում տեղադրվել են LED տեսակի էներգախնայող ու «խելացի» լուսատուներ, որոնց լուսատվությունը հնարավոր կլինի փոփոխել կառավարման կենտրոնից:

***

Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները շարունակում են համալրվել նոր տվյալներով. ընթացքում է սուրճի, սննդի և վճարային տերմինալների, հասարակական տրանսպորտի կանգառների քարտեզավորման գործընթացը: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը ներմուծելու համար և համապատասխան գործիքակազմ՝ բջջային հեռախոսներով վերահսկողություն սահմանելու համար: