Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին (տեսանյութ)

Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Նիստին  ներկա են եղել նաեւ նախաձեռնող խմբի անդամներ: «52 հոգի ձեւավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից: Օրենքով սահմանված ժամկետում նախաձեռնող խումբը հավաքել է 60 հազար ստորագրություն «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,- նշել է Արտակ  Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: Արտակ Զեյնալյանը նշել է, որ ստորագրությունների իսկությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ստորագրությունները հավաքվել են հանրապետության համայնքների մեկ քառորդ մասից:

Ներկայացնելով նախագծի  հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշել է՝ օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:

Ըստ զեկուցողի՝ «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, պետության ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:

Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը  կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:

ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ  սոցիալական փորձաքննության՝ տալով եզրակացություն՝ նշելով,  որ նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Առաջարկ է ներկայացրել Կառավարությունը: Առաջարկվել է տեքստում առկա «հռչակում է» արտահայտությունը փոխարինել «հայտարարում է» արտահայտությամբ, որն ընդունվել է:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Ըստ նախարարի տեղակալի՝ այն համապատասխանում է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը: Նախարարի տեղակալի խոսքով ԵՄ-ն արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը: Հայաստան-ԵՄ մերձեցման համատեքստում քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը: Հարակից զեկուցողի ներկայացմամբ ներկայում բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ: Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական: Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը: Հայաստանը մեծապես կարեւորում եւ համագործակցում է ԵՄ հետ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ:

Առաջնային կարեւորության հարցերի շարքում նախարարի տեղակալը գնահատելի է համարել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Նշվել է, որ ԵՄ-ն շարունակելու է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորն ու իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը: ՀՀ ԱԳ նախարարությունն առաջարկել է դրական եզրակացության արժանացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը:

Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ գործընթացի վերաբերյալ: Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարդ է կանխորոշել համակարգը ներդնելու ժամկետները, քանի որ տարբեր երկրներում այն տարբեր է եղել:

Ելույթներում մասնակիցները կարեւորել են օրինագծի քննարկումը՝ նշելով, որ այս ընտրությունն արժեքային, քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական է: Ընդգծվել է օրինագծին հավանություն տալու անհրաժեշտությունը: Քաղաքացիական նախաձեռնության, Հայաստան-ԵՄ քաղհասարակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործընթացին աջակցության համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նշել է, որ այսօր խորհրդարանում քննարկվում է մեր պետության 60 հազար քաղաքացու պահանջը:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի դիտարկմամբ պետք է գիտակցել կայացվող որոշումների հնարավոր զարգացումները եւ հետեւանքները:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,  անդրադառնալով հնչած տեսակետներին, նշել է, որ այս ճանապարհը մեր արտաքին քաղաքական բալանսավորման ճանապարհն է:

Եզրափակիչ ելույթում Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար՝ անդրադառնալով հնչած տարբերակված մոտեցումներին, տեսակետներին:

Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամերը չեն մասնակցել օրենքի նախագծի քվեարկությանը:

Լրամշակված օրինագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։