Երբ է հրապարակվելու խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը պարզաբանում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարեւոր իրադարձություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետներին, վարչապետն ասաց. «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ են քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մերն ունենք, ենթադրում եմ, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք այդ պատկերացումները մոտեցնել»:
Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքուն պահանջում էր համաձայնեցնել։
Չնայած Հայաստանն Ադրբեջանին առաջարկում էր ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջությամբ միայն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատումից հետո, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետը նշեց՝ համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։
Հարցին, թե ինչո՞ւ Երևանը փոխեց դիտորդների վերաբերյալ դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ըստ էության մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, այսինքն փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում։
ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը հայտարարեց՝ «մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին»:
«Մենք էդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և ըստ էության հոդված-հոդված առանձին հրապարակվել է, չեմ կարծում, թե կարելի է ասել, թե հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ», - ասաց վարչապետը:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը որքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել, իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք՝ մեր պատկերացումները, ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել», - նշեց Փաշինյանը:
Պատասխանելով երկու կետերի վերաբերյալ հարցին, որոնց շուրջ Հայաստանը համաձայնել է, Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենանք»:
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Փաշինյանը:
Հարցին, թե ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, վարչապետը պատասխանեց. - «Այս փուլում շատ կարևոր է, որ մենք միակողմանի ձևակերպումներ և հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաև իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»:
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. - «Խաղաղության համաձայնագրում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերում Ադրբեջանին»: