Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դարի ամենամեծ փուչիկը՝ կրիպտոարժույթ» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

Յուրաքանչյուր քաղաքացի, եթե գտնում է, որ իր նկատմամբ որեւէ դատավճիռ անօրինական է, կարող է դիմել Եվրադատարան:Սա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերմունքն է` Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի՝ դեռ 2007թ. Եվրադատարան ներկայացրած դիմումին, ըստ որի՝ նա վիճարկում է «Փողերի լվացման» հայտնի գործով իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը։ Ընդդեմ ՀՀ վճիռը Եվրադատարանը կհրապարակի հունվարի 11-ին: «Ալեքսանդր Արզումանյանը 2007թ. որպես քաղաքացի է դիմել, 2017թ. արդեն նշանակվել է որպես դեսպան: Ի՞նչ կապ ունի 10 տարվա վաղեմության գործը էսօրվա հետ: Եթե այդպես նայենք, այսօրվա խորհրդարանի իշխանության մի մասը ժամանակին եղել է ընդդիմություն. հիմա, ասենք, մի 20 տարի հետո ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, ես դառնամ ընդդիմություն, պիտի ասեք՝ ժամանակին իշխանություններին է պաշտպանե՞լ: Ընդդիմադիր չի նշանակում պետության թշնամի, կամ հակառակը՝ իշխանություն չի նշանակում պետության ջերմ երկրպագու»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:        ԱԺ փոխխոսնակը մասնակցում էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի փոփոխությունները: Ըստ որի՝ 50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքների դեպքում կպահանջվի, որպեսզի վճարումը բացառապես իրականացվի անկանխիկ եղանակով: «Անշարժ գույքի առքուվաճառքի ընդհանուր գումարի շուրջ 12 տոկոսն է կազմում այն ծավալը, որը գերազանցում է 50 մլն դրամը: Պետք է արձանագրել, որ բավականին փոքր խումբ է ազդեցություն կրելու եւ նման գործարքների շուրջ 80 տոկոսը Երեւանի եւ հարակից տարածքներում են կենտրոնացված»,- նկատեց ԿԲ նախագահ տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:     Փողերի լվացմանն առնչվող մեկ այլ հարց եւս քննարկվեց՝ կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում:  Հանձնաժողովի նիստին նշվեց, որ միջազգային կառույցները կոչ են անում զերծ մնալ այս թեմայով անգամ քննարկումներից, որպեսզի հասարակությանը սխալ ազդակներ չհաղորդվի: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ՀՀ ԱԺ-ն լսումներ անցկացնի:«Իր ներխուժումով ֆինանսական շուկա, այն, կարծես թե, հեղաշրջման նման մի բան է առաջացրել: Ես չեմ կարող ասել, որ այս խնդիրներն այսօր մեզ համար առօրեական են»,- վստահեցրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Կրիպտոարժույթների շրջանառության 90 տոկոսից ավելին անօրինական, հիմնականում ահաբեկչության ֆինանսավորման եւ կիբերհանցագործություններին ուղղված ֆինանսավորումն է: Ինչո՞ւ է դա արվում, քանի որ, կարելի է ասել, դրախտային իրավիճակ է ստեղծված՝ անձերն իդենտիֆիկացված չեն, բացահայտված չեն, թվերի ինչ-որ մի շարք են էլեկտրոնային այդ քսակները, որտեղ գումարներն են պահվում եւ ամենայն հավանականությամբ, օգտագործվում ահաբեկչության ֆինանսավորման համար»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալը:                ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նաեւ վստահեցրեց, որ տնտեսագիտության գծով Նոբելյան երկու մրցանակակիրները կրիպտոարժույթը անվանել են դարի ամենամեծ փուչիկը: Հանձնաժողովի անդամներն, ըստ էության, համաձայն էին նրա հետ: Ի դեպ, նիստին ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ ներկա չէին: