Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի կարող իր կոնյակը հակադրել Ադրբեջանի միլիոններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira

Հունգարացի պաշտոնյաները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման համար Ադրբեջանից ստացել են մոտ 7 միլիոն դոլար. «Ռամիլ Սաֆարովին ազատելուց ամիսներ առաջ երկրի օլիգարխներից մեկը, որը նաեւ Ադրբեջանի փոխվարչապետն է՝ Յաղուբ Էուբովի կողմից շուրջ 27 խոշոր գումարային փոխանցում է իրականացվել Հունգարիա, որից ամենախոշորը իրականացվել է 2012-ի հունիսի 19-ին: Դրանից մեկ ամիս անց Հունգարիան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին»,- ասում է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Կոռուպցիոն այս բացահայտումը Ալիեւի ընտանիքի մասին անգլիական մամուլում օրերս արված Ադրբեջանի լվացքատուն կոչվող սկանդալի դրվագներից է: Այդ սկանդալի մեջ ներքաշված է գրեթե ամբողջ Եվրոպան: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ԵԽԽՎ-ում գոյություն ունի անկախ մարմին, որը արդեն իսկ ուսումնասիրում է սկանդալի հետ առնչվող ԵԽԽՎ պատգամավորների  կապը Ալիեւից ստացած նավթադոլարների հետ. «Այսօր արդեն միջազգային «Թրանսփերենսի ինթերնեյշընըլը» դիմել է էդ անկախ մարմնին եւ ներկայացրել է կոնկրետ փաստեր էս պահին գործող ԵԽԽՎ պատգամավորների վերաբերյալ եւ ինչպես օրերս հայտարարեց ԹԻ-ի ղեկավարը, իրենք առաջարկել են, որ էդ պատգամավորների հանդեպ լրջագույն սանկցիաներ կիրառվեն»: ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում արդեն իսկ նախատեսված է քննարկել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակը: Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ հենց այս քննարկման ժամանակ էլ ի հայտ կգան այն պատգամավորները, որոնք օգտվել են Իլհամ Ալիեւի «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի կոռուպցիոն սխեմայի փողերից. «Էնպես չի, որ եվրոպացի պատգամավորների կրծքին հրեշտակ էսպես ցուցատախտակն է ամրագրված եւ նրանք կարող են դիմանալ, օրինակ, էդ կարգի գայթակղություններին»,- նշում է նա: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ որպես ԵԽԽՎ պատգամավոր իր համար դժվար է աշխատել այսպիսի միջավայրում, որտեղ փողերի այսպիսի լվացում է տեղի ունենում, սակայն առաջիկա նստաշրջանում Ադրբեջանի ժողովրդավարական բացթողումների քննարկումը ինքը համարում է եզակի հնարավորություն փոխելու Վեհաժողովի միջավայրը. «Հիմա Ադրբեջանը փորձում է իր ամբողջ ռեսուրսը ԵԽԽՎ-ում տեսնելով, որ բոլոր խաղաքարտերը խփած են, փորձում է տեղափոխել Բրյուսել»: Տիկին Զոհրաբյանը կասկածում է, որ «Ադրբեջանական լվացքատան» սկանդալից հետո ԵԽԽՎ-ն այդ երկրի պատվիրակությանը կզրկի ձայնի իրավունքից կամ ինչ-որ պատժամիջոցներ կկիրառի, ինչպիսիք կիրառել է Ռուսաստանի նկատմամբ, որը Վեհաժողովում չունի ձայնի եւ քվեարկելու իրավունք. «Լավատե՞ս եմ ես, որ դա հնարավոր է՝ ոչ: Ինչու՞։ Միջազգային կառույցներն էսպիսի մի ֆորմուլա ունեն՝ երկրի ներգրավելու բանաձեւ: Էդ բանաձեւի տակ շատ ավելի լավ է երկրին ներգրավել, քան թողել իզգոյի կարգավիճակում»,- ասում է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, ըստ  Նաիրա Զոհրաբյանի՝ Վեհաժողովում Հայաստանը եվրոպացի գործընկերների հետ կաշառքով երբեք չի աշխատել, այլ՝ նվերներով. «Օրինակ ես նվիրում եմ Սամվելի գրքերը Մկրտչյան, պոեզիայի գրքերը, որոնք ունակ են հասկանալու: Բայց դա չաշխատող մեխանիզմ է: Դու չես կարող կոնյակը հակադրել միլիոնների հետ»,- ասում է Նարիրա Զոհրաբյանը: