Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սապոժնիյ արտել չէ, որ մենք դուռը փակենք ու գնանք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ov7HAsh1FK4

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել: Նրանց պահանջը մնում է  անփոփոխ  վերագործարկել գործարանը։ «Կան ներդրողներ, որոնք ցանկանում են աուդիտ անել, հուշագիր ստորագրել, սակայն կառավարությունը ոչ մի քայլ չի անում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, քիմիկոս, ինժեներ Անահիտ Մանուկյանը: Շաբաթվա սկզբին  «Նաիրիտ»-ում բռնկված  հրդեհը  գործարանի նախկին աշխատակիցները  տարբեր կերպ են մեկնաբանում: «Անընդհատ գոլորշացումը կարող էր բերել նրան, որ կլապան կարող էր թռնել ու մի հասարակ կայծից նյութը կարող էր այրվել: Ես չեմ կարծում, որ դա դիտավորյալ է արված»,- ասում է Անահիտ Մանուկյանը: «Ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ միտումնավոր բան կա՝ նախ ուզում են այդ հարցը միանգամից լուծել՝ իբր թե չաշխատող ժամանակ ինչ է, որ աշխատի՝ առանց հասկանալու, որ քիմիական արդյունաբերությունը անընդհատ պրոցես է, որ ամբողջ անձնակազմը զգաստ է՝ ինչպես զինվորը պոստում: Այդ տարաներով ամբողջ տարածքը 65 աստիճան արեւի շողերի տակ երկար ժամանակ եղել է: Էդ օրերն անցան, ինքնաբռնկում չեղավ»,- նշեց  «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Թամարա Միրազիզյանը: Եթե «Նաիրիտ» գործարանը շարունակվի անտեսված մնալ, նախկին աշխատակիցները չեն բացառում առավել վտանգավոր իրավիճակներ, հատկապես, երբ, իրենց տվյալներով,  2009թ. սկսած գործարանը պարբերաբար թալանվել է:  «Նաիրիտ» գործարանը սապոժնիյ արտել չէ, որ մենք դուռը փակենք ու գնանք: Եթե «Նաիրիտ»-ը չի աշխատում, ապա մասնագետները պետք է հսկեն, որպեսզի գործարանում նման դեպքերը բացառվեն»,- նկատում է Անահիտ Մանուկյանը: Մինչ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում, Կառավարության շենքից դուրս եկավ ԱԻ նախարարը:  Ըստ նախկին աշխատակիցների՝ համատարած կրճատումներից հետո   «Նաիրիտի»  անվտանգությունը դրված է  ԱԻՆ-ի վրա: «Այնտեղ չեն կարող զենքով մարդկանց կանգնեցնել, որ տաքության պատճառով, կլիմայի պատճառով չտաքանա, գազերը չկուտակվեն, եւ պայթունավտանգ չլինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:  Ի դեպ,  Դավիթ Տոնոյանը  չբացառեց, որ մարդկային գործոնը կարող է լինել  «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի պատճառը։ Այսինքն՝  հնարավոր է, որ օգոստոսի 28-ին տեղի ունեցածը լինի անփութության հետեւանք։