Հայաստանում դժվար է Ճապոնիային մոտենալ. դեսպան (տեսանյութ)
Ճապոնական մշակույթի սիրահարները երեխաների ձեռքով պատրաստված օրիգամիների շնորհիվ մտովի ծագող արևի երկիր տեղափոխվելու հնարավորություն ստացան։ «Ճապոնական մշակույթն ունի խորը արմատներ, առեղծվածային է ։ Հուսով ենք՝ մեր համագործակցության շրջանակներում կստանանք գրականություն,կկազմակերպենք միջոցառումներ,որպեսզի Ճապոնիան մեզ մոտ լինի, մենք՝ Ճապոնիային»,-ասում է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ։ Որքան էլ հայաստանցիներին հետաքրքիր է Ճապոնիան, այնուամենայնիվ՝ ճապոնական մշակույթն ուսումնասիրելու բավարար պայմաններ չկան Հայաստանում։ Այդ նկատել է անգամ մեր երկրում Ճապոնիայի դեսպանը,որը հայերեն է սովորում։ «Ցավոք, շատ քիչ հնարավորություն կա Ճապոնիայի մասին սովորելու,շատ քիչ ճապոնագետներ կան Հայաստանում։ Դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրում ճապոնագիտության զարգացման համար»,- ասում է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։ Ազգային գրադարանի այցելուներին ամենից շատ գրավել էին օրիգամիները, որոնց ծագման վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ կան։ Ընդունված է համարել,որ թղթի հայտնագործումից հետո այն ճապոնացիների շրջանում տարածում է գտել դեռևս նախորդ հազարամյակի սկզբին։ Սամուրայները թղթե տուփերով փաթեթավորած նվերներ էին տալիս միմյանց, հետագայում թղթե թիթեռները ճապոնական հարսանիքների անբաժան մասը դարձան։ Թարգմանաբար օրիգամին նշանակում է ծալված թուղթ, այն պատրաստելիս մկրատ եւ սոսինձ օգտագործել չի կարելի Օրիգամիներից մեկն այսուհետ կդառնա Ազգային Գրադարանի տնօրենի սեփականությունը։ Նվերը նրան հաջողություն պետք է բերի։