Բացել լրահոսը Փակել լրահոսը
db29c058f1fb937029cd870ad1ac09a9
A A
Պաշտոնական

Փաստաբանը՝ Սարոյանի հայցի մասին․ Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ

Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը՝ հայտնելով, որ կաթողիկոսի որոշումը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտության պարագային Վեհափառ հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ առաջնորդին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․
  • պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձևավորել դիրքորոշում:

ՄԻԵԴ գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

Այս պայմաններում, դատավորը պարտավոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Հակառակ դեպքում, կխախտվի Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը»,- նշել է փաստաբանը։

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

Ըստ «Դատալեքսի, նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Գարեգին հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: