Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000103207
A A
Հասարակություն

Գեւորգ Սրբազանը ժամանակավորապես վերականգնվել է պաշտոնում. ՔՊ պատգամավորը պատմական որոշում է համարում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քիչ առաջ կիրառել է հայցի ապահովման միջոց, եւ Գեւորգ Սրբազանը վերականգվել է պաշտոնում։

Երեկ ներկայացված հայցով Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը եւ վերականգնել նախկին պաշտոնում:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում, ի դեպ, որեւէ տեղեկատվություն առկա չէ:

«Սա կարելի է ասել աննախադեպ է, քանի որ սրանից առաջ եկեղեցու կայացված որոշումները չեն բողոքարկվել դատարանում, եւ բնականաբար դատարանը չի արձագաքել, դատական ակտեր չի կայացրել: Սա կարծում եմ պատմական որոշում է»,- ասում է իշխող ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը եւ միացել է Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը: