Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի մերժման տեքստը կիսատ էր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a094ce04050c1ecf6c3738dc3bca1ddd

Հայ-թուրքական արձանագրությունները այսօր նման են Հոկտեմբերյան հեղափոխության անթաղ մնացած առաջնորդին։ Այո, անթաղ Լենինին, որը հուսով եմ, որ իսկապես մի օր կթաղվի եւ կավարտեն. Ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։ Թեւան Պողոսյանը չգիտի, թե ինչու մինչեւ հիմա խորհրդարանը հետ չի կանչում ծնված օրից մեռած այդ արձանագրությունները։ Ըստ նրա, Թուրքիան բաց թողեց երկխոսության հրաշալի առիթը. «Եթե վաղը նոր հնարավորություն լինի բանակցելու եւ փոխելու, այլեւս այդ փաստաթղթերը չեն ունենալու այդ տեսքը»։ Մի քանի օր առաջ հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բարեկամության կոչից նրան անձամբ ճանաչող Թեւան Պողոսյանը մեծ սպասելիքներ չունի։ Ավելին, նման խորամանկության թուրքերը սովորաբար դիմում են ամեն տարվա ապրիլին հատուկ այն երկրների համար, որոնք մտադիր են ճանաչել ցեղասպանությունը. «Ասելով, որ փորձում ենք երկխոսել, փորձում ենք ինչ-որ բանակցություններ վարել, խնդրում եմ չխանգարել, խնդրում եմ ցեղասպանությունը չճանաչել, որովհետեւ այդ տեսակի երեւույթները մեր վրա կազդեն եւ ապրիլի 25-ից հետո նորից ամեն ինչ փակվում էր, որեւէ մի հարաբերություն չկար եւ նույն թշնամական վարքագիծը ձեւավորվում է»։ Քաղաքագետ Արա Պապյանը գիտի, թե ինչու են այս օրերին թուրք պաշտոնյաները փնտրում հայերի բարեկամությունը։ Նրանք Եվրոպային են ցույց տալիս, որ երկխոսություն են ուզում։ Եվրոպացին առաջ նայողին ավելի լավ է հասկանում, քան՝ անցյալը փորփրողին. «Ես էլ եմ պատրաստ թուրքերի հետ հաստատելու եղբայրական հարաբերություններ։ Բայց եղբայրական են ո՞ր հարաբերությունները՝ որոնք արդարություն ունեն հիմքում։ Այսինքն, թող ինքը եղբայրաբար վերադարձնի իրենից խլվածը)։ Սիրուն եւ հաշտություն խնդրող նամակներ գրելով չէ,-ասում է Արա Պապյանը։ Մեզ հաշտության համար գործողություններ են պետք. «Եթե Թուրքիան կանգնի մեզ օգնի, աջակցի եւ վերադարձնի մեզանից խլվածը, կարո՞ղ ա մենք գիժ ենք, խփնված ենք, որ չուզենանք հաշտվել»։ Քաղաքագետն ուրախ էր, որ Սերժ Սարգսյանը մերժեց ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու հրավերը մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, բայց մերժման տեքստը կիսատ էր. «Նաեւ պիտի լիներ այն մեղադրականը, որ իրեն հրավիրում է մի երկրի նախագահ, մի երկրի, որն առ այսօր բռնազավթված է պահում ՀՀ տարածքը»։ Արա Պապյանը հող է ուզում։ Վաղ թե ուշ այդ հարցը շոշափվելու է, եւ քաղաքագետը չի կարծում թե դա ավելի է սրելու հայ-թուրքական հարաբերությունները. այն պատճառով, որ դրանք չկան. «Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե վաղը Թուրքիան հնարավորություն ունենա ոչնչացնելու հայոց պետականությունը առանց համարժեք պատասխան ստանալու եւ իր համար առանց լուրջ տնտեսական, քաղաքական հետեւանքների, դա կանի»։