Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումներն ավելացել են 75,4 մլրդ դրամով (video)
Support A1+!Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները:
Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները:
Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250 հազար դրամի սահմաններում: 2019 թ. նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։
ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։
Քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման շրջանակում մշակվել է սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգի նոր կոնցեպտը, ներդվել է պայմանով նպաստ ծրագիրը, պարզեցվել են ընթացակարգերը, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողներին հնարավորություն է տրվել զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով: Լրամշակման փուլում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով կներդրվի ընտանիքի տնտեսական կայունացման նոր նպաստ՝ աղքատության փուլային հաղթահարման նպատակով:
Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումների մեղմման, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նպատակով վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300 հազար դրամ՝ նախկինում սահմանված 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն: Վերանայվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն։ Մշակվել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։
2019-ին ավելացել են շուրջ 89 հազար 300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվել է նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, և Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվել է ծայրահեղ աղքատության գծին հավասար:
Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը: 2019-ին մեկնարկել է մանկատան 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա օգոստոսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100 հազար դրամ: 30 տոկոսով բարձրացել է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը: Այս պահին որոշումը վերաբերում է 152 մարդու: Համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել 2020 թվականին բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 տոկոսով: Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13 հազար 513 աշխատանք փնտրող:
Ընդգծվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի գծով բյուջետային հատկացումները շեշտակի ավելացել են՝ 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական¬ների ռազմավարությունը և միջոցա¬ռումների ծրագիրը, Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը:
Լրամշակման փուլում են 2020-2030 «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման և Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունները: