Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի լավ էր այդ 20 տոկոսը նվիրեինք ռուսներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Rustamyan-Armen6

Գազի 300 մլն պետական պարտքը կուտակվել է հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով: Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով պատգամավորների 1/3 ներկայացրած «2011թ. պետական պարտքի եւ գազի գների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելու մասին նախագծին: Ըստ նրա` այդպես էլ համոզիչ չբացատրվեց, թե ինչու ձեւավորվեց այդ պարտքը եւ թե ինչու կա նման տարբերություն սահմանի եւ վերջնական սպառողին մատուցվող գազի գների միջեւ` շուրջ 110 տոկոս թանկացում. «Չի կարելի ունենալ 300 մլն պետական պարտք, ու որ դա չերեւա պետական բյուջեում: Դուք խախտել եք «Արտաքին պարտքի մասին» օրենքը: Դուք ընդդիմությանը մեղադրում եք, թե շահարկում ենք այս թեման. ես ընդամենն ուզում եմ հասկանալ` որտեղից է այդ պարտքը»: Ապա դիմելով խորհրդարանական մեծամասնությանը` Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Ես ձեզանից շատերին ճանաչում եմ, որոնք ընդհանրապես կապ չունեն գազի այս գործարքի հետ, ու ես համոզված եմ, որ սա ձեր խղճին չի նստի: Ուղղակի խոստովանեք, որ այդ փողն ուղղակի գրպանվել է, սա ավելի համոզիչ է, քան այն, թե սա ուղղակի շահարկում է»: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ գազի պարտքը քաղաքական նպատակ ուներ. «Այս գործընթացը սկսվել էր դեռ 2013թ. ապրիլին, սակայն թաքցվել էր միտումնավոր, որպեսզի ընտրություններն անցնեն, ու դուք պահեք ձեր իշխանությունը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար անընդունելի է, որ իշխանությունները կարող են սուսուփուս, գաղտագողի անել բաներ, որոնց արդյունքում ազգովի կանգնում ենք փաստի առաջ: Գազի գնի եւ պետական պարտքի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը նրա համար ողջունելի է ու ըստ նրա` ԱԺ-ն իր վերահսկողության տակ առնի այս գործընթացը, եւ արդյունքում երկիրը միայն կօգտվի, մինչդեռ. «Այս կապիտուլյացիոն պայմանագիրն այսօր այդ սուսուփուսի գինն է, որով ամեն գնով ցանկացել եք իշխանություն պահել: Ավելի լավ է նվիրեինք ռուսներին «Հայռուսգազարդ»-ի այդ 20 տոկոսը, դա ավելի արժանապատիվ կլիներ, քան այս պայմանագրով դա լիներ, ինչու ենք ՌԴ-ին մոնոպոլ դարձնում մեր երկրում»: Նրա համոզմամբ` այս գործարքը միայն քաղաքական պատճառներ կարող էր ունենալ, իսկ իրավական առումով խախտվել են սահմանադրական մի շարք հոդվածներ: