Եվրո-2012-ում լեհերը հարձակվել են ռուսների վրա
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի Լեհաստան - Ռուսաստան խաղից առաջ եւ հետո Վարշավայի փողոցներում բազմաթիվ ընդհարումներ են տեղի ունեցել երկու երկրների ֆուտբոլասերների միջեւ:
Արդյունքում 180 մարդ ձերբակալվել է, որոնցից 150-ը լեհեր են, 20-ը` ռուսաստանցիներ: 33 մարդ տեղափոխվել են սթափարաններ: Այդ ընդհարումների ժամանակ 10 ոստիկան տարբեր կարգի վնասվածքներ են ստացել:
Երկու երկրների երկրպագուների միջեւ առաջին ընդհարումը տեղի է ունեցել խաղից մի քանի ժամ առաջ, երբ ռուս երկրպագուները հավաքվել են եւ ցանկացել երթով գնալ մարզադաշտ, իսկ լեհ ֆուտբոլասերները անընդհատ հարձակվել են նրանց վրա եւ փորձել ձախողել երթը: Կռվող կողմերին բաժանելու նպատակով ոստիկանները բազմիցս դիմել են մահակների, արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությանը:
Հավելենք, որ լեհերի եւ ռուսների միջեւ կայացած բուն հանդիպումը ավարտվել է խաղաղությամբ: Առաջին խաղակեսի 37-րդ րոպեին Ալան Ձագոեւը առաջ է մղել Ռուսաստանի հավաքականին, իսկ ընդմիջումից հետո լեհերի ավագ Յակուբ Բլաշիկովսկին հուժկու հարվածով հավասարացրել է հաշիվը՝ 1:1: