Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոչ բռնի հաղորդակցություն․ ինչպես «ոչ»-ը կարող է դառնալ երկխոսության սկիզբ (տեսանյութ)

Հարցազրույց Սինտա Դեպոնդտի հետ | Նախաձեռնությունը՝ Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ)

Հարցազրույցը վարել է «Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը

Ինչպե՞ս խոսել այնպես, որ շփումը չդառնա պայքար, «արդարանալու» մրցույթ կամ փոխադարձ վիրավորանքների շղթա։  Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) միջազգային հավաստագրված փորձագետ Սինտա Դեպոնդտի հետ զրույցում քննարկվում է ՈԲՀ-ն որպես կարիքահեն ու կյանքն «ավելի գեղեցիկ» դարձնող մոտեցում՝ կիրառելի թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում, թե՛ հանրային բանավեճում, իսկ հետպատերազմական հասարակությունում՝ նաև վերքերի բուժման և վստահության վերականգնման գործընթացում։

Սինտա Դեպոնդտը հիշեցնում է Մարշալ Ռոզենբերգի ձևակերպումը․ ոչ բռնի հաղորդակցությունը ցանկացած հաղորդակցություն է, որը կյանքը ավելի հիասքանչ է դարձնում։ Այս փիլիսոփայության առանցքում մեկ միտք է՝ մենք ամբողջական մարդ ենք՝ զգացմունքներով, կարիքներով, սահմաններով, և շփումը կարող է լինել այն տարածքը, որտեղ ոչ թե ճնշում ենք այդ ամենը, այլ ճանաչում ու հաշվի ենք առնում թե՛ մեր, թե՛ դիմացինի կարիքները։

Երբ «այո»-ն կարող է լինել բռնություն սեփական անձի նկատմամբ

Զրույցում բերվում է պարզ օրինակ․ մարդը սոված է, բայց համաձայնում է զրուցել՝ միայն թե չնեղացնի մյուսին։ Թվում է՝ սա քաղաքավարություն է, սակայն իրականում կարող է դառնալ ինքնաբռնություն․ մարդը անտեսում է սեփական կարիքը, իսկ շփման որակը վերջում տուժում է․ ուշադրությունը ցրվում է, նյարդայնությունը բարձրանում է, արդյունքը չի ստացվում։ ՈԲՀ-ի առաջարկն այլ է․ կարելի է ասել «այո», բայց նաև նշել սեփական վիճակը․ «Պատրաստ եմ խոսել, բայց հիմա սոված եմ, մի քանի րոպե անց կվերադառնամ»։ Այս կերպ շփումն արդեն դառնում է երկկողմանի հոգատարություն՝ առանց զոհաբերելու սեփական սահմանները։

ՈԲՀ-ի հիմքը կարիքներն են (ոչ թե «ճիշտն ու սխալը»)

Սինտան շեշտում է, որ մեր գործողությունների խորքային շարժիչները կարիքներն են․ մենք անում ենք այն, ինչ անում ենք, որովհետև փորձում ենք բավարարել որևէ կարիք՝ անվտանգություն, ճանաչում, պատկանելիություն, հանգիստ, ազատություն, հարգանք և այլն։ Նա տարբերակում է կարիքը ռազմավարությունից․ կարիքը համընդհանուր է, իսկ ռազմավարությունները բազմաթիվ են։ Այս մոտեցումը փոխում է հարցը՝ «ով է մեղավոր»-ից դեպի «ինչ կարիք կա այստեղ, և որ լուծումը կարող է բավարարել բոլոր կողմերին»։

Երեխաների հետ լեզուն այլ է ընձուղտն ու շնագայլը

Երեխաների հետ խոսելիս, ըստ զրույցի, կարևոր է  պակաս «վերացական» բառապաշար կիրառելը՝  խաղերով, հարցերով, պարզ օրինակներով։ Այստեղ օգնության են գալիս Ռոզենբերգի խորհրդանիշները՝ շնագայլն ու ընձուղտը։

  • Շնագայլը՝ մեր կտրուկ, հարձակողական արձագանքն է, երբ ուզում ենք բղավել, վիրավորել, «պայքարել»։
  • Ընձուղտը՝ կարեկցանքի լեզուն է․ փորձ է անում կռահել զգացմունքներն ու կարիքները։ Միգուցե չի «գուշակում» ճիշտ, բայց հենց փորձն է կարևոր, որովհետև բացում է հասկանալու դուռը։

Զրույցում նաև մի ցավոտ դիտարկում․ երբ երեխան ծնվում է, նա շատ պարզ և ուղիղ ձևով է հաղորդակցվում իր զգացմունքների և կարիքների մասին. օրինակ՝ երեխան լաց է լինում, երբ նրա կարիքները չեն բավարարվում:

Սակայն, մեծանալիս հաճախ «ուսուցանվում» են բռնի հաղորդակցության կաղապարներով՝ օրինակ՝ «տղաները չեն լացում»։ Այդպես նրանք աստիճանաբար հեռանում են սեփական զգացմունքներն ու կարիքները լսելու կարողությունից։

Չորս հիմնական քայլերը պարզ են, բայց հեշտ չեն

Սինտան ամփոփում է ՈԲՀ-ի հիմնական կառուցվածքը՝

  1. Դիտարկում (ինչ է տեղի ունեցել՝ առանց դատողության)

  2. Զգացում (ինչ եմ զգում)

  3. Կարիք (ինչ կարիք է կանգնած դրա հետևում)

  4. Խնդրանք (ինչ կոնկրետ գործողություն եմ խնդրում՝ բարօրությանս համար)

Կենտրոնական սկզբունքներից մեկը սա է․ «այո»-ն պետք է լինի միայն սրտանց։ Իսկ «ոչ»-ը ՈԲՀ-ում փակ դուռ չէ․ այն կարող է դառնալ հրավեր՝ միասին հասկանալու, թե ինչ այլ տարբերակ կա, որ բավարարի թե՛ մեկի, թե՛ մյուսի կարիքները։

«Ոչ»-ը՝ որպես աշխատանքի որակը պահելու գործիք

Օրինակ է բերվում նաև աշխատանքային միջավայրից․ ղեկավարն ասում է՝ «ուզում եմ այս հանձնարարությունն անել հիմա»։ ՈԲՀ-ի լեզվով «ոչ»-ը կարող է հիմնավորվել իրավիճակի դիտարկումով ու որակին վերաբերող մտահոգությամբ՝ «երեկ երկու հանձնարարություն եք տվել, մեկը կիսատ եմ արել, մյուսը չեմ սկսել, երեքը միանգամից անել չեմ կարող՝ որակը կտուժի»։ Այս ձևակերպումը ոչ թե ընդվզում է, այլ փորձ՝ սահմանը պահելու և աշխատանքը չվնասելու։

Հետպատերազմական վերքերն ու երկխոսությունը՝ ներսում և կողմերի միջև

Զրույցի առանցքային մտքերից մեկն այն է, որ հետհակամարտության և հետպատերազմային վերքերի բուժումը նույն չափով տեղի է ունենում հասարակության ներսում, ինչպես հասարակությունների միջև։ Այդ պատճառով, նույնիսկ փոքր շրջանակում եթե մարդը զգում է, որ իրեն չեն դատում, չեն համեմատում ու թույլ են տալիս խոսել, կարող է բացվել ու պատմել։ Սա, ըստ Սինտայի, երբեմն ավելի կարևոր է, քան «մեծ սեղան» հավաքելը՝ հատկապես այն պայմաններում, երբ մարդիկ ունեն հոգեբանական արգելքներ, վախեր կամ հետխորհրդային մշակութային սովորույթներ՝ «պետք է միայն լավը ցույց տալ»։

Ատելության խոսքի և սթրեսի պահին՝ նախ ինքներս մեզ հետ

ՈԲՀ-ի տրամաբանությամբ՝ երբ բախվում ենք ատելության խոսքին, նախ պետք է դիտարկել, հասկանալ՝ ինչ է կատարվում մարմնի հետ, շնչել, հետո ապրումակցել ինքներս մեզ, վերագտնել ուժերը և միայն հետո արձագանքել։ Այսինքն՝ նպատակը ոչ թե արագ զսպել/պատժելն է, այլ մնալ սեփական գործողությունների հեղինակը՝ չընկնել ռեակցիայի մեջ։

ՈԲՀ-ն «փափուկ» չէ ընդունում է նաև ուժային անհավասարակշռությունը

Զրույցում շեշտվում է, որ ՈԲՀ-ում իրականությունը պետք է ընդունել այնպես, ինչպես կա՝ ներառյալ ուժերի հարաբերակցությունը։ Սա «իդեալական» աշխարհի մասին չէ։ Բանն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում կարելի է խոսել կարիքները բարձրաձայնելով և փորձել չդադարեցնել մարդկայնությունը՝ թե՛ խոսքում, թե՛ լսելու պատրաստակամության մեջ։

Սկսել կարող է ցանկացած մեկը

ՈԲՀ-ի տարածումը պարտադիր չէ սկսել «վերևից»․ այն կարող է սկսվել ծնողից, դպրոցից, համայնքից, ինչ-որ մեկից, ով պարզապես փորձում է այլ կերպ լսել ու խոսել։ Ըստ զրույցի՝ խոսելը պարտադիր չէ․ երբեմն բավական է լսել և հասկանալ դիմացինի կարիքները։ Կարևոր տարբերակում էլ է արվում՝ կա բռնի և ոչ բռնի լռություն․ եթե լռում եմ, որովհետև վախենում եմ ծաղրից՝ դա բռնի լռություն է, իսկ եթե լռում եմ՝ գիտակցաբար լսելու ու չվնասելու համար՝ դա կարող է լինել ոչ բռնի լռություն։

Հարցազրույցն անցկացվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։