
Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին 4 տարում ընկերությունը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը ՀՆԱ-ում կազմում է մոտ 3%, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը՝ 5%, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0,5%-ը։

«Համաշխարհային առաջատար ինժեներական ընկերությունների հետ, ինչպիսիք են Metso-ն և FLSmidth-ը, մենք ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաներ։ Այս գործընթացը ներառում է արդիականացում, պոչանքների խտացման, ջրի շրջանառու համակարգի նախագծում և կառուցում․ նախագիծ, որը խնայում է ջուրը և բարձրացնում այդ կարևորագույն ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը։

Մենք նաև ներդրումներ ենք անում նոր տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Komatsu և Caterpillar մեքենամեխանիզմները ապահովում են բացահանքի և բոլոր գործառնությունների լիարժեք արդիականացումը», - ասել է Խուդոլին։

Ընկերության գլխավոր տնօրենը հարցազրույցն ավարտել է հաջողության իր տեսլականով․ հանքարդյունաբերության ոլորտում հաջողելու համար կան մի քանի կարևոր հանգամանքներ․ պետք է ներդնել հսկայական ջանք, լինել համբերատար և ունենալ սահմանված կանոններով առաջնորդվելու կարողություն։ Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել։