Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը:

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել խորհրդի անդամներին, նշել, որ նման ձևաչափով նիստ վաղուց տեղի չէր ունեցել և շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար։ «Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը՝ ցանկանում եմ կարևորել այս ձևաչափով աշխատանքը, որովհետև այն ուղղված է հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված մեր անելիքներին։ Մեր միջազգային գործընկերները բավական երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությանն ուղեկցում են այս կարևոր առաքելության մեջ, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն, այն երկարացվել է 10 տարով։ Այս ուղղությամբ կատարվել են բազմաթիվ տեխնիկական միջոցառումներ՝ նախապես պլանավորված ցանկի համաձայն, որն իրականացվել է ամբողջությամբ։ ՀԱԷԿ-ն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում անընդհատ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Դրանով պայմանավորված և ելնելով ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ՝ 2026 թվականից մինչև 2036 թվական՝ իրականացնելով պահանջված տեխնիկական միջոցառումների մի ամբողջ շարք, որի համար Կառավարությունը 2023 թվականի թիվ 395 Ա և թիվ 1597 Ա որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացրել է 160 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, իսկ մնացած մասը գտնվում է կատարման գործընթացում։ Խիստ արդիական և օրակարգային է Հայաստանի Հանրապետությունում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող էներգաբլոկին շահագործումից դուրս բերելուց հետո։ Դա միակ ճանապարհն է, որով մենք ապագայում ապահոված կլինենք մեր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,-նշել է վարչապետ Փաշինյանը։

Հաջորդիվ՝ ելույթով հանդես է եկել խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը: Վերջինս ընդգծել է ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստի աշխատանքներին՝ որպես ատոմային էներգետիկայի և անվտանգության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնառության կարևոր արձանագրում: Խորհրդի նախագահի խոսքով, սա ինքնին արժեքավոր հնարավորություն է ուղիղ և թափանցիկ ձևով կարծիքներ և տեսակետներ փոխանակել Հայաստանի Հանրապետության Կառավարության, միջուկային անվտանգության ոլորտի, ատոմային անվտանգության մարմինների, անկախ միջազգային փորձագետների միջև: Միրոսլավ Լիպարն ընդգծել է, որ խորհրդի բոլոր անդամները մշտապես արձանագրել են այս գործունեությունը շարունակելու իրենց կարողությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ընդհանուր պատրաստակամությունը՝ ապահովելու Հայաստանի ատոմակայանի անվտանգ գործունեությունը. «Իհարկե, մենք էլ պատրաստ ենք Հայաստանին լավագույնս աջակցել այս ճանապարհին։ Պարզապես պետք է ասեմ՝ սիրում ենք Հայաստանը, սիրում ենք հայ ժողովրդին։ Ես այսօրվա հանդիպումը համարում եմ նոր գլխի բացում մեր հարաբերություններում, այդ թվում՝ անվտանգության խորհրդի հետ: Անվտանգության խորհուրդն ունի համագործակցության երկար պատմություն, ունի նաև համապատասխան կարողություններ»: Խորհրդի նախագահը նշել է, որ իրենց առաքելությունն առաջին հերթին վերաբերելու է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը միջուկային էներգետիկայի և անվտանգության տիրույթում բարձր մակարդակի խորհրդատվության տրամադրմանը. «Այսօրվա առաքելությունը, առաջին հերթին, ավելի ակտուալ է դառնում և կարևոր, մասնավորապես, խորհրդի աշխատանքի հետագա փուլերում, քանզի Հայաստանը բախվում է հիմնարար մի որոշման կայացման անհրաժեշտության՝ վերջինիս ատոմային էներգետիկայի ծրագրի դիտանկյունից: Այսինքն՝ առաջին հերթին, պետք է ապահովել գոյություն ունեցող ատոմակայանի անվտանգ գործունեությունը, այդ թվում՝ պետք է շարունակել անվտանգային միջոցառումների իրականացումը երկարաժամկետ գործառնական ծրագրերով: Մյուս կողմից՝ Հայաստանը պատրաստվում է կարևոր որոշում կայացնել՝ նոր ատոմակայանի հետ կապված:

Այս որոշումները վստահաբար ձևավորելու են երկրի էներգետիկ ապագան գալիք տասնամյակներում: Նման որոշումը պահանջում է ոչ միայն քաղաքական պատասխանատվություն, տնտեսական վերլուծություն, այլև բոլոր համապատասխան տեխնիկական և միջուկային անվտանգության հայեցակերպերի համակարգային գնահատում»: