Ընտանեկան բռնության դեմ պայքարում պատասխանատու մարմինները պետք է ձևավորեն խնդրի շուրջ նույն լեզվով խոսելու մշակույթ․ ՆԳ նախարարը մասնակցել է համաժողովին
Աջակցիր «Ա1+»-ինԲռնության դեմ պայքարը չի սահմանափակվում արձագանքման մեխանիզմների կատարելագործմամբ․ այն պահանջում է նաև կանխարգելում, բռնության ենթարկված անձանց պաշտպանության երաշխիքների ամրապնդում և կարծրատիպերի հաղթահարում։ Այս հարցերի շուրջ նոյեմբերի 27-ին պետական կառույցների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համախմբել էր Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկին նվիրված համաժողովը, որին մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Միջոցառման՝ «Ապահովել արդարադատություն, պաշտպանել բռնության ենթարկված անձանց և վերջ տալ անպատժելիությանը» խորագիրն ընդգծում է բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և անպատժելիության դեմ հետևողական պայքարի կարևորությունը։
«Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոլորտում առկա բացերին և դրանք հաղթահարելու ուղղությամբ նախարարության անելիքներին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և նրա աշխատակազմին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի արդյունավետությունը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարծրատիպային ընկալումներով պայմանավորված՝ խորապես արմատացած խնդիրների հաղթահարումը պահանջում է տարբեր կառույցների ջանքերի մեկտեղում, քանի որ առանձին գերատեսչությունների առաջարկած լուծումները բավարար չեն գործնական արդյունք ապահովելու համար։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է նախ ճիշտ գնահատել առկա խնդիրները՝ տեխնիկական հարցերից մինչև արժեքային մոտեցումներ։
ՆԳՆ