Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեղահանվածներ Արցախից
A A
Քաղաքականություն

Սենատորներ Փիթերսը և Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ էթնիկ զտումներ իրականացնելու համար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական բանաձևի ներկայացումը սենատորներ Գարի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան) և Բիլ Քեսիդիի (հանրապետական, Լուիզիանա) գլխավորությամբ, որով Ադրբեջանի կառավարությունը դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների արշավի իրականացնելու համար և վարչակազմին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարումներին»:

«Համագումարը ողջունում է սենատոր Փիթերսին և սենատոր Քեսիդիին՝ շարունակելու համար բացահայտել Արցախի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպանական արշավը ու էթնիկ զտումները և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հորդորում ենք բանաձևի արագ ընդունումը»։
Բանաձևով կոչ է արվում վարչակազմին արգելել 907 բանաձևի կասեցումը և «ուժեղացնել Միացյալ Նահանգների և Հայաստանի անվտանգային գործընկերությունը ռազմական օգնության տրամադրման, համատեղ զորավարժությունների և հետախուզական ու նյութատեխնիկական աջակցության միջոցով»:
Բանաձևով նաև կոչ է արվում «պատշաճ մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանում փախստականների ճգնաժամին արձագանքելու համար» և կոչ է արվում աջակցել «հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու դիվանագիտությանը, որով նախատեսվում է Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակումը, սահմանվում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի համար և պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը»։
Բանաձևով «ընդունվում է, որ Ադրբեջանի շրջափակումը և դրան հաջորդած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ հանդիսանում են էթնիկ զտումների գործողություններ» և «խստագույնս դատապարտվում են Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները»։
2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակում ձեռնարկեց, որը խլեց հարյուրավոր զինվորների և տասնյակ խաղաղ բնակիչների կյանքեր»՝ ըստ բանաձևի, չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, որը հազարամյակներ շարունակ եղել է հայ կյանքի և մշակույթի կենտրոն, 1991թ․-ին Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծեց փաստացի անկախ հանրապետություն։
Լայնածավալ ռազմական հարձակումը հետևեց մոտ 10 ամիս շարունակվող «տանջալից շրջափակմանը», որը Ադրբեջանը նախաձեռնեց 2022թ․-ի դեկտեմբերի 12-ին, և որը շրջանի բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ անհրաժեշտ պարագաներից։
Մինչ Ադրբեջանն օգտագործեց «հետագա բռնության սպառնալիքը՝ ստիպելու Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարությանը հանձնել իրենց ինքնավարությունը և լուծարել իրենց կառավարման ինստիտուտները... Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 հայեր, բախվելով հետագա էթնիկ բռնությունների սպառնալիքին, փախան Հայաստան՝ որպես փախստականներ, Ադրբեջանի հարձակումից հետո 2 շաբաթվա ընթացքում»։
Ընդգծվեց Ալիևի ռեժիմի հակահայկական ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և այլ մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումը: Ընդգծվեց նաև հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անդամների անազատության մեջ մնալը, որոնք անարդարացիորեն մնում են Ադրբեջանում։