Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։

 

Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

 

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում: «2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:

 

Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է. «Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ,

մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:

 

Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ. «Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:

 

«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը: «Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:

 

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը: «Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով: «Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-իր խոսքն ավարտել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված

աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար: Նշենք նաև, որ զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից: