Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Փարաջանովի մասին ֆիլմը կներկայացվի երևանյան հանդիսատեսին

Հունվարի 9-ին՝ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, նրա 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը կներկայացվի երևանյան հանդիսատեսին:

Ֆիլմի պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ:

«Կան շատ ֆիլմեր, որոնց միջոցով ավելի շատ կարելի է ծանոթանալ Փարաջանովի կենսագրությանը և աշխատանքներին, սակայն այս ֆիլմն անցյալը կապում է ներկայի հետ: Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթության միջոցով ֆիլմում արծարծվում են նաև ազգային խնդիրներ և, ընդհանուր առմամբ, արտացոլվում է անցյալի և իրականի զուգահեռը՝ թե արվեստի, և թե քաղաքական տեսակետից: Մենք վստահ ենք, որ երիտասարդ սերունդն իր կյանքի դժվարին պահերին կկարողանա գտնել հրատապ հարցերի պատասխանների վեկտորը Սերգեյ Փարաջանովի օգնությամբ և հատկապես՝ նրա կատարած ընտրությունների օրինակով»,-A1plus.am-ից ասաց ռեժիսոր Զառա Ջյանը, որը նաև ֆիլմի սցենարիստն ու համապրոդյուսերն է:

Ֆիլմը թե իր հերոսներով, թե նկարահանումներով միջազգային է ստացվել: Այն հայ-ֆրանսիական արտադրության է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում և Սերբիայում: Ֆիլմի հերոսների ցանկն էլ բաղկացած է միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր դեմքերից՝ Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգխ, Էմիր Կուստուրիցա, Չուլպան Խամատովա, Ջոել Կապրոն, Ալի Խամրաեւ, Լորա Գուերրա, Լևոն Աբրահամյան, Արտավազդ Փելեշյան:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը բաղկացած է հարցազրույցներից: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ:Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:

 Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի փառատոնի շրջամակներում, որից հետո ֆիլմը մասնակցել է այլ փառատոնների ևս:

«Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնից հետո, որտեղ ընդգրկված էինք պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, հաջող ցուցադրություն ունեցանք նաև Բելգիայում: Հոկտեմբերին մասնակցեցինք հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Նույն ջերմ ընդունելությանն արժանացանք նաև Սերբիայում, որտեղ մասնակցում էինք «Belgrade Auteur's Film Festival»-ին: Հատկանշական էր մեր մասնակցությունը Արգենտինայում տեղի ունեցող «Mar del Plata International Film Festival»-ին: Պատմական պահ էր, քանի որ Սերգեյ Փարաջանովը 59 տարի անց մեր ֆիլմով «վերադարձել» էր տվյալ փառատոն: 1965 թվականին Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ստացել էր փառատոնի գլխավոր մրցանակը: Փարաջանովի 100-ամյակի առիթով մեր ֆիլմը ընգրկված էր նրան նվիրված ծրագրի մեջ»,-եզրափակեց Զառա Ջյանը: