Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I4866
A A
Պաշտոնական

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրել է այս հարցերը, որոնց անդրադարձել է ԿԳՄՍ նախարարը. «Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա նշեմ՝ այն, որ թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, դա միանշանակ սկզբունք և պահանջ է և դա հատուկ ստուգվում է թեստերի մշակման ընթացքում, որպեսզի թեստերի ամբողջ բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակներում լինի: Եվ այս իմաստով նաև որևէ խնդիր այս ընթացքում մենք չենք արձանագրել: Մենք

արձանագրել ենք խնդիրներ, երբ ուսուցիչները առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն և իրենց թվում է, որ որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից: Սա հիմնականում առաջ է գալիս այն պատճառով, որ մեր ուսուցիչների մի մասն առնվազն դեռևս առարկայի ծրագիրը և դասագիրքը հիմնականում նույնականացնում է: Մենք պետք է հասկանանք, որ դասագիրքը առարկայի ուսուցանման ընդամենը գործիքներից մեկն է, և առարկայի ուսուցանումը պահանջում է ավելի լայն ծրագրի իմացություն, որը հաստատված է նախարարի հրամանով և հրապարակված է և յուրաքանչյուր ուսուցչի համար պահանջ է տվյալ առարկայի ծրագիրն ամբողջությամբ իմանալն ու տիրապետելը: Նման թյուրիմացություններ և թյուրընկալումներ ունենում ենք: Լինում է նաև, որ օրինակ, մի առարկայից երկու դասագիրք կա հաստատված և ուսուցիչը ծանոթ է միայն մի դասագրքին և իրեն թվում է, որ մյուս դասագրքի բովանդակությունն առարկայի բովանդակությունից դուրս մի բան է: Այդ խնդիրը շարունակաբար լուծում ենք նաև ուսուցիչների իրազեկման բարձրացման և վերապատրաստումների միջոցով: Այնպես, որ նման խնդիր ուղղակի չի կարող լինել: Ավելին ասեմ՝ մենք ատեստավորումից հետո ունենք բողոքարկման գործընթաց, ուսուցիչներն ունեն հնարավորություն, եթե անհամաձայնություն են արդյունքների հետ, դիմել բողոքարկել: Իրենց մանրամասն պատասխաններ են տրվում, մասնագիտական հանձնաժողով է աշխատում: Շատ դեպքերում, եթե պատասխանը շատ ոչ միանշանակ է եղել, միանշանակ դա հօգուտ ուսուցչի է մեկնաբանվում, և պետք է ասեմ, որ Ձեզ դիմած ուսուցիչը, քանի որ անգլերենի ուսուցիչ էր, անգլերենի ուղղությամբ կամավոր ատեստավորմամբ մենք նախորդ տարի ունեցել ենք 368 ուսուցիչ, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը: Նրանցից 230 ուսուցիչ հաղթահարել է շեմը, բողոքարկման արդյունքում այս թիվը դարձել է 264: Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնց բարձրացրած հարցադրումները եղել են օբյեկտիվ, նրանց գնահատականները բարձրացվել են: Ի դեպ՝ այդպես է եղել նաև Ձեզ դիմած ուսուցչի պարագայում, որը նույնպես բողոքարկման արդյունքում միավորների բարձրացում է ունեցել, բայց, այնուամենայնիվ, ոչ բավարար շեմը հաղթահարելու համար: Այսինքն՝ սա մի շարունակական պրոցես է, որ անընդհատ թեստերը բարելավում ենք, բայց առարկայի ծրագրի համապատասխանության խնդիր չունենք:

 

Ժամանակի հետ կապված՝ տրվում է 180 րոպե ատեստավորման համար, և երբ ուսուցիչները հարց են բարձրացնում, որ իրենց ժամանակը չի բավարարում, ապա մենք տեղերում ճկուն ենք և միանգամից նաև լրացուցիչ ժամանակ ենք տրամադրում իրենց աշխատանքն ավարտելու: Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ այս տարի կլուծենք, դա այն է, որ ատեստավորումը մինչ այժմ իրականացվել է թղթային տարբերակով, և ուսուցիչները բավական ժամանակ են ծախսել, որպեսզի պատասխաններն անցկացնեն ձևաթղթի վրա, ինչը, բնականաբար, նրանցից ժամանակ է խլում: Մենք այս տարվանից էլեկտրոնային ենք անելու ամբողջ գործընթացը, որպեսզի այդ տեխնիկական վրիպակներից խուսափենք: Այս տարի կամավոր ատեստավորումը պլանավորել ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին:

 

Ինչ վերաբերում է ցածր դրույքաչափով, նկատի ունեմ՝ քիչ ծանրաբեռնվածությամբ վճարվող ուսուցիչների հանդեպ նույն պահանջը կիրառելուն, սա սկզբունքային հարց է, որովհետև այստեղ ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան է: Երեխային տրամադրվող կրթությունը պետք է լինի նույն որակի և ստանդարտի՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է նա հաճախում և իր ուսուցիչը քանի ժամ է մտնում դպրոց: Ու կարծում եմ, որ այստեղ

մեր ուսուցիչներն էլ պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ իրականում խոսում են երեխաների կրթության որակի մասին»:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում առկա հարցերը հասկանալու առումով կառավարությունը պետք է անընդհատ հաղորդակցության մեջ լինի ուսուցիչների և մանկավարժական հանրության հետ: Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև՝ մարզերում հաճախ իրեն խնդրում են, որ գյուղի դպրոցը չփակվի, և դա ասվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներ՝ մինչև 20 սովորող: «Մենք ասում ենք՝ գյուղի դպրոցը չենք փակում, այլ նոր դպրոց ենք կառուցում, որովհետև ոչ ոք չի ասել, որ դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Երկրորդ՝ դպրոց տանող ճանապարհները պետք է նորոգենք: Երրորդ՝ պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոց, որն առավոտյան երեխաներին կտանի դպրոց և երեկոյան նորմալ, բարեկարգված ճանապարհներով կբերի հետ»,- ասել է վարչապետը:

 

Այս համատեքստում վարչապետը կրթության կարևոր պայման է համարել երեխայի սոցիալականացման հարցը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դպրոցը երեխայի համար է և այն պետք է կառուցել և կառավարել միայն ու միայն երեխայի համար:

 

Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

 

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես՝ առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

 

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո բավականին մեծ դիմելիություն է արձանագրվել: Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտ, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թ.: «Եվ սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ:

Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-ասել է ԱՍՀ նախարարը:

 

Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար կիրականացվի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ծրագրում ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ: «2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ: Քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում, սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ»,- ասել է նախարարը: Որոշմամբ՝ շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որոշակի դադար, համաձայն եմ, որ վերցնենք, որովհետև մենք մի ուրիշ ուսումնասիրություն էլ ունենք անելու՝ փոխվարչապետ Խաչատրյանի առաջարկությամբ: Մենք պետք է գնանք և ուսումնասիրենք, թե ինչքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը: Այսինքն՝ մարդը սկսել տան շինարարությունը, մենք ի՞նչ մեխանիզմներ ենք ստեղծել այն ավարտելու համար: Մեկ, երկու ահազանգերի պարագայում սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում՝ կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ: Հիմա մենք պետք է համոզվենք, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք, հետագայի համար որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»: