Բացել լրահոսը Փակել լրահոսը
ushi 3
A A
Պաշտոնական

Այս տարի շուրջ 100,000 վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում

Այս տարի Հայաստանի անտառներում տնկվելու են 100,000 վայրի սերմերից խնամքով աճեցված տնկիներ, որոնք մեծ դրական ազդեցություն են ունենալու անտառների վերականգնման և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ։ Այս արդյունքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) հաջողվել է հասնել Ուշի գյուղում կառուցված 4 նոր տնկարանների շնորհիվ, որտեղ հնարավորություն է ստեղծվել աճեցնելու շուրջ 150,000 վայրի տնկի։

Աճեցված 100,000 վայրի տնկիներն այս տարի տնկվելու են Վայոց ձորի մարզում՝ Հայաստանի համար նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդն ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։

Ծառատունկից հետո մեր նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։

Ընդգծենք նաև, որ տնկված ծառերը ոչ միայն օգտակար են անտառների վերականգնման տեսանկյունից, այլև՝ հետագայում դրանց պտուղները կարող են կեր հանդիսանալ վայրի կենդանիների համար և որոշակիորեն մեղմել կենդանիների գյուղեր ներթափանցելու խնդիրը, որն ակնհայտ է հենց Վայոց ձորի մարզում։

FPWC-ն անտառավերականգնման ծրագիրն իրականացվում է 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում մասնագետների ներգրավմամբ և նվիրված աշխատանքի արդյունքում վայրի բնության մեջ տնկվել է շուրջ 430.000 ծառ։ Հիմնադրամը շարունակում է աշխատել անտառվերականգնման ծրագրի զարգացման և ընդլայնման ուղղությամբ և այսուհետ ծրագիրը միայն ընդլայնվելու է։