Բացել լրահոսը Փակել լրահոսը
HRD 26 (3)
A A
Պաշտոնական

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում․ Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։

 

Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։

 

Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն (առցանց), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը:

 

Ողջունելով հյուրերին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկումը մի հարթակի գործարկման մեկնարկ է, որի միջոցով կրթական և ակադեմիական բնագավառում ատելության խոսքին վերաբերող հարցերը հնարավոր կլինի արագ և արդյունավետորեն հասցեավորել: Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի:

 

«Խնդիրներն ունեն պատշաճ հասցեավորման անհրաժեշտություն: Վերջին տարիների մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խտրական խոսքը, ատելության խոսքը տարածվում են շատ լայն ծավալով, այդ թվում՝ նաև ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը ցավալի է: Այս խումբ անձինք պետք է օրինակելի վարքագիծ դրսևորեն, քանի որ կրթում և դաստիարակում են մեր երիտասարդներին»,- ասել է Պաշտպանը:

 

Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան անդրադարձել է անցանց և առցանց տիրույթում ատելության խոսքի զարգացումներին, դրսևորումներին և միտումներին։ Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղելու Մարդու իրավունքների պաշտպանին։

 

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է, որ կրթությունն առանցքային դեր ունի ատելություն պարունակող խոսքի և խմբակային նպատակաուղղված բռնության ի հայտ գալուն հակազդելու հարցում: Կրթական տեսանկյունից ատելության խոսքի խնդրի լուծումը ներառում է հատուկ միջոցներով կրթական քաղաքականության և ծրագրերի ուժեղացում՝ ատելության խոսքին հակազդելու համար:

 

Քննարկումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։