Բացել լրահոսը Փակել լրահոսը
95c690f4-3920-4d04-bca6-3629bdfd418b
A A
Հասարակություն

Լևոնի կյանքի և մահվան պայքարի 17 օրը

Արցախցի Լևոն Աթանեսյանը 44-օրյա պատերազմից հետո իր ծննդյան տարեդարձը նշում է հոկտեմբերի 28-ին։

«Ծնվել եմ 1979 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Ստեփանակերտում։ Մեծացել և ուսում եմ ստացել այստեղ։ Անցել եմ պարտադիր զինվորական ծառայություն։ Որոշ ժամանակահատված ծառայել եմ ՊԲ շարքերում»,- Ա1+-ի հետ զրույցում պատմում է Լևոնը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ը նոր էջ բացեց Լևոնի կյանքում։

«Առավոտյան հրետանու ձայներն ինձ այնքան էլ անհանգստություն չեն պատճառել՝ մտածում էի ամպրոպ է։ Տեսնելով երկինքը, սակայն, հասկացել եմ՝ պատերազմ է։ Անսպասելի էր։ Մեկ հարկանի սեփական տանն անվտանգ չէր։ Կնոջս ու երեխաներիս հասցրի իմ հայրական տուն։ Այդ ընթացքում քաղաքի այս ու այն կողմերում արկեր էին պայթում, երկինքն անհանգիստ էր։ Հասա հրապարակ, որտեղ արդեն հավաքվել էին բազմաթիվ կամավորականներ։ Քաղաքում տեղակայված զորամասում մեզ այցելության եկավ երկրի առաջին դեմքը։ Նրա խոսակցությունը պարզ և հստակ էր՝ սա մեր վերջին ճակատամարտն է։ Բոլոս տրամադրված էինք հաղթական մարտ տալու, որպեսզի գոնե մեր երեխաները պատերազմ չտեսնեն»,- ասում է նա։

Հիշում է պատերազմի օրերը․

«Տղաները մեծ վնասներ են հասցնել թշնամուն, սակայն նրանց սպասելն արդեն ապարդյուն էր։ Տղերքը չկային։ Նման կադրեր միայն կինոներում եմ տեսել։ Այն, ինչի միջով անցել եմ պատերազմի օրերին, մարտաֆիլմ էր հիշեցնում»։

17 օր շարունակ Լևոնը վիրավոր ընկերոջը քարշ տալով, բազմաթիվ փորձությունների ու վտանգների միջով է անցել, մահվան ճիրաններից փրկվել։

«Անընդհատ հայտնվում էինք թշնամու կողմից գրավված տարածքներում։ Ոչ ուտելիք ունեինք, ոչ ջուր։ Անտառում խնձորի ծառ գտանք՝ այնպես էինք ուրախացել։ Այսպես, հաճախ նաև խոտ ծամելով, գիշերներն առաջ էինք շարժվում, ցերեկները թաքնվում։ Ոտքերս ահավոր այտուցվել էին, ինչը բավականին դժվարացնում էր առաջ շարժվելը»։

«Երբ Հադրութն արդեն ընկել էր, ադրբեջանցիների ձեռքն էր ընկել մեր զինվորների անձնական իրերը։ Ընտանիքս արդեն Երևանում էր։ Նրանք հեռուստատեսությամբ տեսել էին ինձ պատկանող իրերը ու դժվար չէ պատկերացնել նրանց ապրումները։ Երկար ժամանակ ես անհայտ կորած էի համարվում։ Հեռախոսով խոսելը վտանգավոր էր, մյուս կորմից էլ լիցքավորելու հնարավորության չկար, ու խնայողաբար էինք օգտագործում։ Մյուս կողմից էլ ողջ մնալու հավանականությունը չնչին էր, ուստի մտածում էի՝ թող հարմարվեն»,- հիշում է Լևոնը։

«Արմենը Հայաստանից էր, երեք երեխաների հայր։ Երբ նա վիրավորվեց, ես ծխախոտի մոխիրով կարողացա կանգնեցնել արյունահոսությունը։ Ցանկանում էինք մի քանի հոգով գնալ օգնության հետևից, սակայն Արմենը խնդրեց իրեն մենակ չթողնել։ Այդպես ես ու Արմենն այդտեղ մնացինք։ Ու լավ է, որ մնացի, թե չէ ես ինձ երբեք չէի կարողանա ներել, քանի որ օգնության հետևից գնացած տղաներին թույլ չտվեցին հետ դառնալ։ Նա որպես կամավորական էր եկել Արցախ։ Հետագայում Երևանում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան։ Ցավոք, մեր կապն ընդհատվել է»։

2020 թվականի հոկտեմբերի 28-ին Լևոնն ու Արմենը հասան Կարմիր շուկայի մատույցները, որտեղ նրանց արդեն սպասում էին։ «Անհավատալի էր։ Աչքերիս ու ականջներիս չէի հավատում, որ հայ եմ տեսնում, հայերեն խոսք լսում։ Այստեղից արդեն կապ եմ հաստատել ընտանիքիս հետ, երկար ժամանակ չէի կարողանում որևէ բառ արտաբերել։ Մայս ուշագնաց էր եղել՝ ձայնս լսելով»։

Արցախում բուժօգնություն ստանալուց հետո Լևոնը տեղափոխվել է Երևան, որտեղ  երկարատև բուժման կուրս է անցել։

 «Ապաքինվելուց հետո վերադարձել ենք հայրենիք, շարունակել ձեռնարկատիրական գործունեությունս։ Ստեփանակերտի արկակոծության հետևանքով տան տանիքը վնասվել էր։ Պետությունը թիթեղ հատկացրեց, մնացած ծախսերը ես հոգացի ու տանիքը փոխեցի»։

Արցախի շրջափակումը նոր մարտահրավեր էր Լևոն Աթանեսյանի ընտանիքի համար։ Շուտով աշխատանքը կանգ առավ, քանի որ ապրանք չկար խանութներ առաքելու համար։

2023 թվականի սեպտեմբերին բոլորի պես Աթանեսյաններն էլ իրենց ունեցած-չունեցածը տեղավորեցին մի մեքենայի մեջ ու  ճամփա ընկան։

«Շորերից բացի այլ բան չենք կարողացել վերցնել մեզ հետ։ Այն, ինչ բերել ենք, մեր հիշողություններն են։ Մեր կյանքի լավագույն տարիներն այնտեղ են մնացել, մեզանից անբաժանը՝ հիշողությունն է»։

Հաստատվել են Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում, ապա տեղափոխվել Երեւան։

Ասում է՝ ամբողջ օրն ավտոմեքենայի մեջ է անցկացնում՝ որպես տաքսու վարորդ է աշխատում։

Օրական 10 ժամ մեքենա է վարում։ Սակայն ոչ մի դժվարությունից չի վախենում՝ միայն թե խաղաղություն լինի։

Անահիտ Պետրոսյան