Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին․

Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության միջազգային չորրորդ համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորել Ավստրալիային և Ղազախստանին միջոցառումը արդյունավետ համանախագահելու համար: Որպես չտարածման ջատագով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին:

Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար: ԱԷՄԳ կենտոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան:

Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով:

Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են: Հարգելի՛ գործընկերներ, Վկայակոչելով ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում:

Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները: Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ:

Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել Գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում Գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։ Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա: Շորհակալություն:

Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։

Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։

Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար: