«Իշխանությունը չկողմնորոշվեց՝ ինչ անել». դատական բարեփոխումների հետքերով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սա հստակ գրված է թղթի վրա, իսկ իրականո՞ւմ։ Արդյո՞ք անկախ է գործում ՀՀ դատաիրավական համակարգը։
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը խնդիրներ է տեսնում դատաիրավական համակարգում․ «Դատավորներ ունենք, որոնց համար իսկապես գործադիր իշխանությունից եկած ազդանշանները շատ էական են, նրանք սպասում են իրենց չակերտավոր վերադասի հրամաններին, նոտարական գործառույթներ են իրականացնում, այդ մարդկանց պետք է ուղղակի վռնդել դատական համակարգից, ստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։
2018թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել էր, որ անհրաժեշտ է իրականացնել վեթթինգ և վերականգնել արդարադատությունը։ Անցնող չորս տարիներին իշխանությանը այդպես էլ չհաջողվեց ամբողջովին իրականացնել այդ։
Ըստ Նորիկյանի՝ գործող իշխանությունը չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ գործիքակազմ կիրառել դատաիրավական համակարգում․ «Կհիշեք որ մեկ խոսում էին անցումային արդարադատությունից, մեկ խոսում էին վեթինգից, մեկ խոսում էին սահմանադրական փոփոխություններից, մեկ բերեցին մտցրեցին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, այսինքն՝ գործող իշխանության մոտ ռազմավարական մտքի պակասը հանգեցրեց այսպիսի խառնաշփոթի»։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիթ Ղարիբյանը ասաց․«Երևի թե գլխավոր խոչընդոտը որ կարելի է նշել, սահմանադրական կարգավորումների շրջանակն է, որոնք որոշակի առումով նախատեսում են այնպիսի կառուցակարգեր, որոնք որ թույլ չեն տալիս իրականացնել վեթթինգն այնպես, ինչպես կպատկերացներ բնակչության մեծամասնությունը, այսպես ասած, բայց մասնագիտական շրջանակներում եթե նայենք, դատական համակարգի փոփոխություններ իրականացվում են, իհարկե, դրա մասին դուք էլ գիտեք, նույն օրինակ գնահատման հանձնաժողովի նախատեսումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։